«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա չդիտարկվել՝ որպես ռուսական արբանյակ»

«168 Ժամի» զրուցակիցն է Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը

– Պարոն Կաշչյունաս, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի ժամանակ Հայաստանը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ստորագրեց Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիր (CEPA) Եվրոպական միության հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը: Սա ինչպիսի՞ համագործակցության հնարավորություններ է ստեղծում՝ հաշվի առնելով Հայաստանի հատուկ կարգավիճակը:

– Իհարկե, գնահատում եմ դրական, քանի որ սրան նախորդող փաստաթղթի չստորագրումից հետո և՛ Հայաստանից, և՛ Եվրամիությունից հուսալքված կարծիքներ էին հնչում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների անորոշ ապագայի վերաբերյալ, այդ պատճառով խոսակցություններ կային, որ գործընկերությունը տապալվում է, որ այդ ծրագիրն այլևս անիմաստ է:

Այսօր ունենք ստորագրված համաձայնագիր՝ երկու կողմի խելամտության արդյունքում, ինչը բարձր քաղաքական կամքի առկայության ապացույցն է: Դա դրական է: Եթե կա քաղաքական կամք, ապա շարունակությունը կարող է անվերջ լինել, դա անընդհատ աշխատանք է, Հայաստանը բարեփոխվելու և զարգանալու շատ տեղ ունի, և ԵՄ-ն կտա այդ հնարավորությունը:

Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա այն փոխարինեց առկա գործընկերության համաձայնագրին, ըստ էության, համաձայնագրերի փոփոխություն, վերանայում տեղի ունեցավ, մեծ որակական փոփոխություն ես դա չէի համարի: Սա ընկալվեց էյֆորիայով, քանի որ ավելի վաղ Հայաստանը հրաժարվեց ասոցիացվել Եվրամիության հետ: Սակայն կրկնեմ, որ այն փաստը, որ կողմերը գտան հնարավորություն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, խոսուն է, այն հնարավորություն է տալիս շարունակել այնպես, ինչպես ապագայում այդ ժամանակահատվածը թույլ կտա:

Գուցե Հայաստանը ցանկանա ասոցիացվել, գուցե ցանկանա ազատ վիզային ռեժիմ, այլ համաձայնագրեր Եվրամիության հետ, եթե Եվրասիական տնտեսական միությունը դառնա շատ ավելի ֆիկտիվ կառույց, քան հիմա է: Հնարավոր է նման բան: Սա այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել այս հարաբերությունների համար լավ ապագա:

– Ի՞նչ ապագա ունի գործընկերությունն այս տեսքով:

– Եվրոպական հանձնաժողովը հասկացել է, որ միասնական գործընկերություն լինել չի կարող: Այն, ինչ դրված էր այս ծրագրի հիմքում, չստացվեց, և այդ մոտեցումը սխալ էր, քանի որ այս տարածաշրջանի երկրներին սովետական ժառանգություն էր բաժին հասել, լուրջ ռուսական ազդեցություն, կապեր քաղաքական, մարդկային, ինչը բնական էր, և որը ԵՄ-ն չհաշվարկեց: Այստեղ այդ միասնական մոտեցումը սխալ էր: Հիմա ԵՄ-ն դա հասկացել է, հիմա գործադրվում է այն, ինչ ընդունված է կոչել տարբերակված քաղաքականություն:

Բայց պարզ է նաև, որ այդ քաղաքականությամբ երկար հնարավոր չէ պահպանել այս ծրագիրը, քանի որ ստացվում է, որ երկկողմ հարաբերություններ են զարգացվում ԵՄ-ի հետ այդ ծրագրի շրջանակում, այնինչ նախնական նպատակն այլ էր, որի էությունը կայանում էր հավասար զարգացման մեջ՝ միևնույն օրակարգի համաձայն, ներկայումս յուրաքանչյուր երկիր, բացի երեքից, իր օրակարգն ունի, ինչպես Ղազախստանը Եվրամիության հետ և մի շարք այլ երկրներ: «Արևելյան գործընկերությունում» մնացին երեք երկիր՝ Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան:

Այս երկրներն էլ, իրենց հերթին՝ ցանկանում են ունենալ ավելի բարձր կարգավիճակ, քան Ադրբեջանը, Հայաստանն ու Բելառուսը, քանի որ երկրի կառավարման և բարեփոխումների հարցում էապես առաջ են անցել այս երեք երկրներից և չեն ցանկանում դասվել նրանց շարքում, ինչը ես հասկանում եմ, տարբերությունը պետք է տեսանելի լինի: Հասկանալի է, որ Եվրամիությունը փորձում է պահել այս ծրագիրը ևս մի որոշ ժամանակով, բայց երկարաձգել այն հնարավոր չէ, քանի որ անիմաստ է, ասոցիացված երկրներն իրենք փորձում են տարանջատվել, տարբերակներ են առաջ քաշում, որպեսզի այլ ծրագրով առաջ ընթանան, այդ քննարկումները փակ արդեն գնում են Եվրահանձնաժողովում: Տեսնենք, թե ինչ կլինի:

Միանշանակ կարող եմ ասել մեկ բան, որ Եվրամիությունն այս ծրագրին հանդիպած ճգնաժամը կարողացավ հաղթահարել ինչ-որ առումով: Այլ լուծումներ գտնելը բարդ կլիներ, քանի որ պարզվեց, որ շահերը շատ տարբեր են, սահմանափակումներ ևս կան: Բայց ժամանակի ընթացքում, կարծում եմ, որոշում կկայացվի՝ կիսել «Արևելյան գործընկերությունը» երկու մակարդակների, աստիճանների կամ խմբերի, քանի որ հնարավոր չէ մշտապես կարճաժամկետ ծրագրերով առաջ ընթանալ:

– Մտահոգություններ են հնչում, որ Հայաստանը չի վավերացնի համաձայնագիրը, և այս համաձայնագրի ստորագրմամբ ՀՀ իշխանությունները ներքաղաքական և տնտեսական խնդիրներ են փորձել լուծել: Ի՞նչ եք կարծում այս մասին և այն կարծիքների, որ հնարավոր է՝ նաև ԵՏՄ պարտավորություններով պայմանավորված՝ Հայաստանը չկարողանա այն վավերացնել:

– Դրանք բոլորը դատարկ խոսակցություններ եմ համարում: Եվրասիական տնտեսական միությունն իրականում ամբողջ ծավալով չգործող կառույց է, ի հավելումն սրա՝ համաձայնագրում չկա այդ կառույցին հակասող որևէ կետ, ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, Հայաստանն ունի տնտեսական պարտավորություններ այդ կառույցում, իսկ ՀՀ-ԵՄ ԸՀԳՀ-ի այդ հատվածը բավականին համեստ է, ներառում է այնպիսի կետեր համագործակցության, որոնք խնդիր չեն կարող հարուցել ԵՏՄ-ի համար: Տնտեսական նպատակներ հետապնդելն այս համաձայնագրով ճիշտ չի լինի, քանի որ նախապես ԵՄ-ն միջոցներ չի տրամադրում, դրանք փուլային փոխանցումներ են լինելու:

Կարծում եմ՝ արհեստածին խոսակցություններ են, այստեղ այնպիսի պարտավորություններ չկան, որոնք դժվար է իրականացնել, և որոնց իրականացումը սպառնում է Եվրասիական միությանը կամ Ռուսաստանին: Այս համաձայնագիրը գործընկերության համաձայնագիր է, Հայաստանը Եվրամիության հետ ունեցել է նման փաստաթուղթ, և այդ մասին չեն խոսել այնպես, ինչպես ներկայումս: Պետք է ճիշտ ներկայացնել իրավիճակը: Սա ասոցիացում չէ և նման էլ չէ ասոցիացմանը, նման փաստաթուղթ ԵՄ-ի հետ ունի նաև Ղազախստանը, քննարկվում է Ադրբեջանի հետ, ունեն մի շարք այլ երկրներ ևս: Ռուսաստանը խնդիրներ ուներ Ասոցացման համաձայնագրի հետ, քանի որ այդ համաձայնագրով նախատեսվում էր ասոցիացում, լուրջ բարեփոխումներ ու պարտավորություններ, իսկ այս համաձայնագիրը երկկողմ պարտավորություններ է ներառում, որոնք Ռուսաստանի համար խնդիր չեն:

Եթե Հայաստանը ստորագրել է այս համաձայնագիրը, ունի քաղաքական կամք, կարծում եմ, որ վավերացման գործընթացը խնդիրներով չի ուղեկցվի: Ծանոթ եմ համաձայնագրին, այնտեղ չկան Հայաստանի առջև դրված անհասանելի խնդիրներ, որոնք արտաքին ճնշման ներքո գուցե չիրականացվեն:

Եթե պարզ ազատությունները խոչընդոտվեն, նշանակում է՝ Հայաստանը բացարձակ պատրաստ չէ ԵՄ-ի հետ համագործակցության: Նման վտանգ կա, քանի որ Ռուսաստանը թևակոխում է այլ որակի երկրի շրջան, ինչը հակասում է եվրոպական արժեքներին ամբողջությամբ: Բայց այս համաձայնագրի վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա տարբերվել Ռուսաստանից, չդիտարկվել՝ որպես ռուսական արբանյակ:

Տեսանյութեր

Լրահոս