ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել ամեն ինչ անել Ռաֆահում ռազմական գործողությունը կանխելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռաֆահի վրա ռազմական հարձակումը անընդունելի էսկալացիա կլինի, որը կսպանի ևս հազարավոր խաղաղ բնակիչների և հարյուր հազարավորների փախուստի կհանգեցնի», – ասել է Գուտերեշը:
«Դա կործանարար հետևանքներ կունենա Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների համար և լուրջ հետևանքներ կունենա գրավյալ Արևմտյան ափում և ողջ տարածաշրջանում: Անվտանգության խորհրդի բոլոր անդամները և շատ այլ կառավարություններ հստակորեն արտահայտել են իրենց անհամաձայնությունը նման գործողության առթիվ: Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն Իսրայելի վրա, ամեն ինչ անեն դա կանխելու համար»,- ընդգծել է նա։
Գուտերեշն ասել է, որ ավելի քան 1,2 միլիոն մարդ այժմ ապաստան է փնտրում Ռաֆահում, որոնց մեծ մասը փախչում է Իսրայելի ռմբակոծություններից։ Դրանց արդյունքում զոհվել է ավելի քան 34,000 մարդ: