ՌԴ-ում հանցագործություններ կատարելու մեղադրանքով 400 օտարերկրացի զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
Ռուսաստանի իշխանությունները 398 նախկին օտարերկրացիների զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիները հանցագործություն են կատարել քաղաքացիությունը ստանալու առաջին վեց ամիսների ընթացքում։
«Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, որ 2023-ի հոկտեմբերի 26-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտել «Քաղաքացիության մասին» օրենքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացիություն ստացած օտարկերացիները կարող են զրկվել ՌԴ անձնագրից ռուսական բանակը վարկաբեկելու, այսպես կոչված ֆեյքերի, դիվերսիա կատարելու, դասալքության, հակառուսական պատժամիջոցների կոչերի, լրտեսության, դավաճանության, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խախտելու, ինչպես նա խուլիգանության, կարևոր փաստաթղթեր կեղծելու մասին դատարանի որոշման հիմքով։
Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու առաջին դեպքը գրանցվել է արդեն օրենքի ընդունումից երկու ամիս անց՝ 2023 թվականի դեկտեմբերին։ Մոսկվայի ՆԳՆ-ն հայտնել է, որ երկու տղամարդ ձերբակալվել են թմրանյութ պարունակող փաթեթներով, գործերով վճիռներ են կայացվել, սակայն պատժաչափի մասին չի հաղորդվել, ապա նրանք զրկվել են ՌԴ քաղաքացիությունից։