
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդն ապրիլի 30-ին առաջին անգամ վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը՝ նրա մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Ըստ հրապարակման՝ Բրիտանիայի թագավորն այցելել է Լոնդոնի ուռուցքաբանության կենտրոն, որտեղ հանդիպել է բժիշկների ու հիվանդների հետ:
«Նորին մեծության բուժման պլանը կշարունակվի, բայց բժիշկները բավականաչափ գոհ են առաջընթացից, ուստի թագավորը կարող է վերսկսել առանձին հանրային պարտականությունների կատարումը», – ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
Չարլզ 3-րդը հանդիպել է ոչ միայն քաղցկեղով հիվանդների ու նրանց հարազատների, այլև TRACERx նախագծի թիմի անդամների հետ, որոնք զբաղվում են թոքերի քաղցկեղի հետազոտությամբ։
Բրիտանիայի միապետն իր մոտ քաղցկեղի ախտորոշման մասին հայտնել էր այս տարվա փետրվարին:
Չառլզ 3-րդը նաև դարձել է Cancer Research UK բարեգործական կազմակերպության հովանավորը: Այս պարտականությունը նա ընդունել է իր մորից՝ հանգուցյալ Եղիսաբեթ 2-րդից, որն ավելի վաղ եղել է կազմակերպության հովանավորը։