«Այս համաձայնագիրն ընդամենը հաջողության բանալի է Հայաստանի համար»
Հարցազրույց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ
– Տիկին Զոհրաբյան, ակտիվորեն քննարկվում է նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։ Ի վերջո, ի՞նչ է նշանակում այս փաստաթուղթը։
– Անկեղծ ասած՝ ինձ երբեմն զարմացնում է իշխանական տարբեր հարթակներից հնչող այս էյֆորիան, թե՝ տեսաք, մենք ինչ արեցինք։ Այս համաձայնագիրն ընդամենը հաջողության բանալի է Հայաստանի համար։ Կկարողանա՞ Հայաստանն այս բանալիով ճիշտ բացել իր բարեփոխումների դուռը՝ երկիրը կունենա հեռանկար։ Եկեք սթափ դատենք՝ ՀՀ իշխանությունը կարո՞ղ էր բոլոր ոլորտներում այս բարեփոխումները, որ համաձայնագրով առաջարկվում են, անել առանց համաձայնագրի։ Իհա՛րկե կարող էր։ Ո՞վ էր բռնել ինչ-որ մեկի ձեռքը՝ պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների, դատական համակարգում քաղաքական պատվերների դեմ, հարկային, մաքսային ոլորտը, փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտը չդնել հարկային «выжималка»-ի տակ, պրեսինգի տակ։
Այսինքն՝ այն փոփոխությունները, բարեփոխումների փաթեթը, որ առաջարկվում է համաձայնագրով, այդ բոլորը կարելի է անել առանց դրա։ Հիմա էլ, եթե չլինի քաղաքական կամք, իշխանության որոշ ներկայացուցիչներ ինչ-որ ցնցակաթվածի մեջ են ընկնում «քաղաքական կամք» ձևակերպումից, բայց ես նորից եմ ասում՝ եթե չլինի քաղաքական կամք, ուզում ես՝ հազար հատ համաձայնագիր ստորագրի, միևնույն է՝ որևէ շոշափելի, տեսանելի փոփոխություն չի կատարվելու։
Շատ պարզ է՝ պատրա՞ստ է այս իշխանությունը կտրել այն ճյուղը, որի վրա ինքը նստած է, որովհետև համաձայնագրով առաջարկվող բարեփոխումներն այնպիսին են, որոնց դեպքում պետք է վերցնել սղոցը և կտրել այն ճյուղը, որի վրա իշխանությունը նստած է: Օրինակ՝ տնտեսական մոնոպոլիաներ, արհեստական դեմպինգներ, հարկային ու մաքսային ոլորտւմ արդար վարչարարություն, դատական համակարգում արդարություն, կոռուպցիայի դեմ պայքար։
Դա նշանակում է, որ այդ հաստ ճյուղը պետք է կտրվի։ Կգնա՞ դրան իշխանությունը, որն այս ընտրությունների արդյունքում այս կամ այն կերպ ստացել է մեծամասնություն, ցույց կտա ժամանակը։ Ես ձեռնպահ կմնամ միանալու էյֆորիկ այս խորին՝ մեծապես լինելով այս բարեփոխումների և համաձայնագրի կողմնակիցը։
– Համաձայնագիրն ի՞նչ ազդեցություն կունենա՝ տարածաշրջանային զարգացումների տեսակետից։ Դրա ստորագրումից գրեթե անմիջապես հետո Իրանի արտաքին գործերի նախարարն այցելեց Հայաստան։ Այս այցը կապվա՞ծ է համաձայնագրի հետ։
– Հայ-իրանական հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական, շատ լայն օրակարգ ունեն։ Եվ եթե մենք կարողանում ենք մեր տնտեսական քաղաքականությամբ բարենպաստ պայմաններ ստեղծել երկրում ներդրումների համար, որպեսզի Հայաստան անունը լսելիս՝ ներդրողները մի քանի հազար կիլոմետր հեռու չփախնեն, որովհետև վատ օրինակներ եղել են, թե ինչպես են վարվել ներդրողների հետ, փայաբաժինների «բազար» է գնացել, և այլն, այսինքն՝ եթե ներդրումային միջավայրը բարելավվում է, դա նաև լայն հնարավորություն է ստեղծում ոչ միայն Հայաստան-Եվրամիություն, այլև տարածաշրջանային խոշոր գործընկերների հետ խաղի կանոններ հաստատելու համար։
– Տեսակետ կա, որ պայմանագրի կնքումը Սերժ Սարգսյանի հերթական քայլն է հաջորդ տարի իշխանությունը «գրոհելու» համար։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
– Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում Հանրապետական կուսակցությանը, իրենց առաջնորդին վերաբերող հարցերին պատասխանելուց, որովհետև դա մեզ բացարձակապես չի վերաբերում։ Այդ հարցերը պետք է ուղղել իրենց։ Մեզ համար այս համաձայնագիրը շատ լավ հնարավորություն է՝ իմիտացիայից անցնելու իրապես խորքային բարեփոխումների։ Եթե հերթական անգամ Հայաստանն այս լավագույն հնարավորությունից չօգտվի, ապա դրա հետևանքը, կարծում եմ, լինելու է արտագաղթի հերթական հզոր ալիքը, և դրան գումարած՝ հիասթափությունը։
– Այժմ քաղաքական օրակարգում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» խմբակցության նախագիծը, որի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացվեցին, և Դուք, կարծես, դեմ էիք արտահայտվում։ Ինչո՞ւ։
– Ցանկացած ինտեգրացիոն գործընթացից, հատկապես՝ տնտեսական, միշտ էլ կարելի է և հնարավոր է առավելագույն օգուտներ ստանալ, եթե դրա նպատակը կա։ ՀՀ կառավարությունը, իմ կարծիքով, իր առջև նման նպատակ չի դրել, այլապես ինձ համար բացարձակ հասկանալի չէ, թե ինչո՞ւ ԵԱՏՄ անդամ որևէ երկիր այդ գործընթացից կարող է ակնկալիքներ ստանալ, իսկ Հայաստանին, չգիտես ինչու, այդ ԵԱՏՄ-ն շարունակում է ոչինչ չտալ։
Մի պարզ օրինակ՝ Արևմուտքը խստագույն սանկցիաներ կիրառեց Ռուսաստանի հանդեպ, և սկզբում էյֆորիա կար, որ, թեև ՌԴ-ի համար դա վատ է, բայց մեզ համար պատուհան է՝ գյուղատնտեսական ապրանքները ռուսական շուկա արտահանելու համար։ Եվ ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդ արտահանման ցուցանիշները շեշտակի չաճեցին և դրանից օգտվեցին միայն մի քանի գյուղմթերք արտահանող օլիգարխներ։ Այնպես որ, խնդիրները պետք է մեր մեջ փնտրել։ Եվ պետք չէ մեկը մյուսին հակադրել։ Մենք չենք կարող դուռը շրխակցնել և գնալ, եթե կա այլընտրանք։
– Բայց քաղաքական օրակարգում նման հարցի առկայությունը տեղի՞ն է։
– Ես չգիտեմ, «Ելքի» մեր գործընկերները գտնում են, որ ցանկացած հարց իրենք իրավունք ունեն բերելու օրակարգ։ Ես որոշակի վերապահում ունեմ պահի նպատակահարմարության վերաբերյալ։ Մենք պետք է հաշվի նստենք նաև այն կարևոր փաստի հետ, որ մենք Ռուսաստանում ունենք մոտ 3 մլն հայրենակիցներ, 600 հազարից ավելի աշխատանքային միգրանտներ։
Նրանցից յուրաքանչյուրը, իհարկե, կցանկանար իր երկրում ապրել, լավ կյանքից չէ, որ ընտրել է այդ ճանապարհը։ Բայց մենք պետք է հասկանանք, որ բարոյական պատասխանատվություն ունենք այդ մարդկանց հանդեպ, և չմոռանանք, որ այդ մարդկանց ուղարկած ամսական մոտ 150 մլն դոլար տրանսֆերտների շնորհիվ է այսօր աղքատությունը «զսպվում» և մնում պաշտոնական 30 %-ի սահմաններում, այլապես, ես ձեզ վստահեցնում եմ, որ խայտառակ, մի քանի անգամ ավելի մեծ կլիներ։