«Պետք է խոստովանել, որ բոլորը չէ, որ ուրախ են այս համաձայնագրի առկայությամբ». Արթուր Ղազինյան
«Մեր դիպկորպուսին հաջողվեց անել առավելագույնը, սակայն իրականում մեր պոտենցիալը շատ ավելի մեծ է, շատ ավելի խորն է։ Ինչպես նշեց իմ հարգարժան գործընկեր պարոն Քոթանջյանը, մեր առևտրային ճանապարհն անցնում է Պարսից ծոցից դեպի Սև ծով անցնող ռազմավարական ճանապարհի միջով, ինչը նշանակում է, որ եվրոպական շուկայի մատակարարվող ապրանքների մի որոշ մասը պետք է անցնի ՀՀ տարածքով։
Մենք անցել ենք ճանապարհի ընդամենը 10 %-ը, այսինքն՝ բարեհաջող կերպով կարողացել ենք ստորագրել այս համաձայնագիրը, սակայն առջևում մեզ դեռ սպասում է բավականին բարդ մի գործընթաց՝ վավերացման գործընթացը»,- այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։
Ըստ նրա՝ պետք է աշխատել և անել առավելագույնը՝ կյանքի կոչելու համար համաձայնագրում առկա դրույթները։ Ա. Ղազինյանի կարծիքով՝ բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք կապված են արտաքին և ներքին մոտիվների հետ.
«Պետք է խոստովանել, որ բոլորը չէ, որ ուրախ են այս համաձայնագրի առկայությամբ։ Պաշտոնական դիրքորոշմամբ խնդիրներ չդրվեցին, բայց հետո իրենց փորձագետների կողմից ռուսական մեդիայում արշավանք սկսվեց։ Ինձ համար տարօրինակ էր, թե ինչու է այս հարցին արձագանքում ՌԴ ԱԳՆ-ն, եթե այստեղ կա ԵԱՏՄ, որն ի պաշտոնե կոմպետենտ և իրավասու մարմինն է հայտարարելու, որ այս համաձայնագիրը չի հակասում ՀՀ ԵԱՏՄ անդամակցության համար սահմանված պարտավորություներին, այսինքն՝ կա ՄԱԿ-ի սկզբունքներ, որտեղ սահմաված են, որ պետությունները հավասար են և յուրաքանչյուրը գործում է իր իրավասության սահմաններում։ Այսինքն՝ ՀՀ-ն իրացրել է իր Սահմանադրությամբ սահմանված ինքնիշխան իրավունքը, ստորագրել է պայմանագիր»։
Ա.Ղազինյանը ներքին համոզմունք հայտնեց, որ այս համաձայնագրի իրագործման ժամանակ 5-րդ շարասյունը, որը բոլորը փնտրում են, բայց չեն գտնում, իրեն զգացնել կտա։