Միջերկրածովյան սննդակարգը պաշտպանում է դեպրեսիայից. իռլանդացի միկրոկենսաբաններ
Քորքի համալսարանական քոլեջի (UCC) գիտնականները մարդու ուղեղի վրա մանրէների ներգործության հետազոտության ընթացքում պարզել են, որ միջերկրածովյան սննդակարգն առավել օպտիմալն է աղիների առողջ միկրոֆլորայի պահպանման համար:
Այս մասին հայտնել է իռլանդական Irish Independent հրատարակությունը: Պրոֆեսորներ Թեդ Դինանը եւ Ջոն Քրիանը վերջին 14 տարվա ընթացքում զբաղվել են այդ խնդրով, ճշտում է հրատարակությունը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ աղիքային տրակտը բնակեցնող տրիլիոնավոր միկրոօրգանիզմները վիթխարի ազդեցություն ունեն մարդու հոգեկան եւ հուզական վիճակի վրա: «Եթե միկրոֆլորան բավականաչափ բազմազան չէ վատ սնվելու կամ հակաբիոտիկների ներգործության հետեւանքով, ապա դա ազդում է ուղեղի գործունեության վրա»,- նշել է Դինանը:
Նա հայտնել է, որ այդ դրության շտկման համար անհրաժեշտ է թաղանթանյութով, ձկով, մրգերով եւ բանջարեղենով հարուստ սննդակարգ: «Միջերկրածովյան սննդակարգը, թերեւս, առավել հավասարակշռվածն ու օգտակարն է մանրէների համար»,- կարծում է գիտնականը:
Իռլանդացի միկրոկենսաբանը հայտնել է, որ ինքը եւ իր գործընկերներն սկսել են այն պրոբիոտիկի մշակումը, որն իր մեջ պարունակեր մանրէների առավել օպտիմալ լրակազմը: «Այդ սննդային հավելումն արդյունավետ միջոց կդառնա դեպրեսիայի եւ այլ հոգեկան խանգարումների բուժման համար»,- ասել է Դինանը: Միջերկրյածովյան սննդակարգը 2010 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական սեփականության ցանկում՝ որպես «բացառիկ հմտությունների, գիտելիքների, պրակտիկայի եւ ավանդույթների ամբողջություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: