Որոշ մանկապարտեզներ կգործեն առանց տնօրենների. «պուլտո՞վ» են կառավարվելու. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներդնել «այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ծրագիր», որի շրջանակներում առաջարկվող տարբերակներից առնվազն մեկը, գուցե թե, ծախսերի առումով արդյունավետ լինի, բայց մեծ է հավանականությունը, որ կարող է ռիսկային լինել կառավարման ու մանկապարտեզներում իրավիճակի վերահսկելիության տեսանկյունից:
Նախադպրոցական կրթության ծախսարդունավետ մոդելներից մեկը ենթադրում է, որ միևնույն համայնքում գործող մի քանի մանկապարտեզներ կարող են միավորվել հետևյալ տարբերակով՝ գործել առանձին, բայց ունենալ մեկ վարչական աշխատակազմ եւ տնօրեն՝ բոլոր այդ հաստատությունների համար:
«Մի կենտրոնից մի քանի մանկապարտեզ է կառավարվելու, այսինքն՝ տեղերում լինելու են դաստիարակներ, ինչպես նաև ավագ մեթոդիստներ կարող են լինել, բայց տնօրեն, հաշվապահ կամ այն օժանդակ հաստիքները, որոնք անմիջապես չեն առնչվում երեխայի կրթության կազմակերպմանը, կարող են և այդ մանկապարտեզում չլինել, լինել այն մեծ մանկապարտեզում, որի ճյուղերից մեկը լինելու է սա»,- մեզ հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:
Նրա դիտարկմամբ, այս մոդելը կարող է դրական ազդեցություն ունենալ, օրինակ, սննդի կազմակերպման հարցում: «Ներկայումս շատ բարդություններ կան: Կա Տարածքային կառավարման նախարարության իրականացրած հետազոտություն, ըստ որի՝ ամբողջ հանրապետությունում գործող մանկապարտեզներում սննդի կազմակերպման համար մեկ երեխայի հաշվով ծախսվում է 50-500 դրամ, և եթե 500 դրամը ընդունելի տարբերակ է, պարզ չի դառնում, թե 50 դրամով ինչպիսի սնունդ է հնարավոր կազմակերպել այդ երեխաների համար: Այս նոր ձևաչափը հնարավորություն կտա մեկ աղբյուրից մի քանի մանկապարտեզի համար գնում անել, ինչը կբերի նրան, որ ավելի քիչ ծախս կլինի, բայց՝ արդյունավետ, և երեխաներն ավելի ճիշտ սնունդ կստանան»,- ասաց Սյուզաննա Մակյանը՝ նկատի ունենալով, որ մեծ քանակով գնում իրականացնելու դեպքում ձեռք բերվող ապրանքի գինը կնվազի:
«Այս առումով, տվյալ մոդելը կունենա դրական ազդեցություն, և, կարծում եմ, այստեղ խնդիրն ավելի շատ դրված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար: Եվ կարեւոր այն հանգամանքը պիտի դիտարկել, որ երեխաները մնում են իրենց տեղերում, պարզապես կառավարման մեխանիզմն է փոխվում»,- նշեց նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։