Բաժիններ՝

Հայաստանում «Կատերպիլար» ընկերության ամենամեծ ավտոպարկի մեքենաներն արդեն Ամուլսարում են

Ամուլսարի ծրագիրը ձեռք է բերում Հայաստանում «Կատերպիլար» ընկերության ամենամեծ ավտոպարկը: Նոյեմբերի 17-ին Ամուլսար այցելած լրագրողների հետ զրույցում հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասաց, որ այս տեխնոլոգիան առաջինն օգտագործվել է 30 տարի առաջ Ամերիկայի Նևադա նահանգում՝ Կառլին հանքավայրի համար:

«Ոսկու կորզման առումով սա վերջին տեխնոլոգիան է, բնապահպանական տեսանկյունից՝ համարվում է ամենաանվտանգը: Արդեն մեքենաներն այստեղ են, շատ տպավորիչ է»,- նշեց Հ. Ալոյանը:

Նշենք, որ ավտոպարկում հավաքվող մեքենաները ժամանակակից, կոմպյուտերացված սարքավորումներ են՝ յուրաքանչյուրը մի քանի միլիոն դոլար արժողությամբ:

«Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատու Պիտեր Նելն էլ նշեց, որ ձեռք բերված տեխնիկան առաջին երեք տարվա համար բավարար է. «Մեքենաներից մեկն արժի 5.5 միլիոն դոլար, 2.5 միլիոն դոլար էլ բեռնատարներն են: Ընդհանուր տեխնիկայի արժողությունը 65 միլիոն դոլար է: Բեռնատարները բերվել են ԱՄՆ-ից, էքսկավատորը՝ Գերմանիայից: Ամեն ինչը բերվում է մաս-մաս, հետո այս մեքենաներն այստեղ հավաքում ենք»:

Պ. Նելն ասաց, որ դեռևս սարքավորումներից որևէ մեկը չի գործարկվում, բայց շուտով դրանից մեկը կգործարկվի: Նա նաև հայտնեց, որ այդ մեքենաները վարելու համար հատուկ վարորդական իրավունք է պետք: Նրանք սիմուլյատոր են բերել, որի վրա վարորդները կսովորեն, իսկ հետո նոր կվարեն մեքենաները. «Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իրավունք կունենան այդ մեքենաները վարելու, պետք է 100 տոկոսանոց պրոֆեսիոնալ գիտելիք ձեռք բերեն»:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի՝ 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 միլիոն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն իսկ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես 290՝ Ջերմուկի, 44՝  Գորայքի, 114՝ Գնդեվազի, և 25՝ Սարավանի բնակիչներ են: Ծրագիրը նախատեսում է  շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում:  «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետական բյուջե փոխանցած հարկերի ծավալն ավելացրել է 12,5 անգամ և ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի առաջին 20 հարկատուների մեջ է՝ զբաղեցնելով 19-րդ տեղը՝ ավելի քան 4 մլրդ դրամ հարկային վճարումներով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս