
Մեր բոլորի ցանկությունն է, որ մե՜ր Սրբազանը ներկա լինի այս տոնին, քանի որ առանց Ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ. «Հայկական Զարդանախշեր պարային» համույթի սաների նամակը Միքայել սրբազանին

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի 65 սանի նամակը․
«Այսօր, դատարանում, որպես Միքայել Սրբազանի անձը բնութագրող հանգամանք չենք ներկայացրել ոչ Սրբազանի կենսագրությունը, ոչ տարիների կատարած աշխատանքների նկարագրությունը, ոչ ստացված պարգևները (Սրբազանը և մենք համաձայն չէինք Սրբազանին ակնհայտ անհիմն ձևով մեղավոր ճանաչած դատարանին նման նյութեր ներկայացնել), այլ ներկայացրել ենք Գյումրիում գործող «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաների նամակը ուղղված Միքայել Սրբազանին: Այս նամակից լավ բնութագիր չէինք էլ կարող ներկայացնել:
Եվ թող դատավորն այս նամակը կարդալով իր (ոչ թե Սրբազանի) դատավճիռը կայացնի:
Կանխատեսելի դատավճիռը հրապարակվելու է 03.10.2025թ. ժամը 17:30-ին:
…..
«Հայկական Զարդանախշեր» պարային համույթի 65 սանի նամակը
…..
Գերաշնորհ Սրբազան Հայր
Սիրելի Սրբազան, գրում են Ձեզ՝ Ձեր երեխաները՝ «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաները:
Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել Ձեր հետ միասին:
Համույթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն եք եղել: Համույթ, որի քսանհինգ ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի մեկին:
Մեր բոլորի ցանկությունն է, որ մե՜ր Սրբազանը ներկա լինի այս տոնին, քանի որ առանց Ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք հետաձգել և սպասել Ձեր վերադարձին և կսպասենք ինչքան լինի հարկավոր: Ամեն մեր պարապմունքից առաջ միասնական աղոթում ենք Ձեզ համար:
Աստված օգնական Սրբազան Հայր:
Որդիական սիրով «Հայկական Զարդանախշեր պարային» համույթի սաներ»: