«Հայաստանը փորձեց դուրս գալ ռուսական օրակարգից». Ջենգիզ Աքթար
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն արձագանքել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ելույթում հնչեցրած վերջնագրին:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար:
«Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունն անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:
Նա ընդգծել էր, որ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:
Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առոչինչ: Մենք 2018թ. գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- ասել էր ՀՀ նախագահը:
Սա կարելի էր համարել Ս. Սարգսյանի այն աղմկահարույց ելույթի շարունակությունը, որով նա, այսպես ասած՝ գրողի ծոցն էր ուղարկել այդ արձանագրությունները:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, ինչին նախորդել էր օգոստոսի 31-ի ուշ երեկոյան ՀՀ-ի և Թուրքիայի միջև այս փաստաթղթերի նախաստորագրումը, որը հայաստանյան ներքաղաքական օրակարգում ստացավ «գիշերային դիվանագիտություն» անվանումը:
«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը նախ նշեց, որ Թուրքիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նյույորքյան ելույթն անտեսվեց, քննարկման առարկա չդարձավ այն պարզ պատճառով, որ Էրդողանի իշխանության առաջնահերթություններն այսօր այլ են և հեռու հայ-թուրքական հարաբերությունների օրակարգից, իսկ ԶԼՄ-ները լուրջ վերահսկողության տակ են, որի պատճառով իշխանության համար անցանկալի թեմաները քննարկման առարկա չեն դառնում:
Ըստ թուրք վերլուծաբանի՝ այս իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգից պարզապես բացակայում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հեռանկարը:
Նա վստահեցրեց, որ նման ծրագիր, մտադրություն չկա և չի լինի առաջիկա տարիներին, քանի որ Էրդողանը նպատակ ունի ավտորիտար Թուրքիայի կառուցման ծրագիրն ավարտին հասցնել:
Նրա կարծիքով, ներկայումս Էրդողանին անհանգստացնում է սիրիական ճգնաժամը, Իրաքի Քրդստանի հանրաքվեն, դրա հետևանքները, ռուս-թուրքական համագործակցությունն այս հարցերի շուրջ, քանի որ Արևմուտքի հետ հարաբերությունները ներկայումս իրենց ամենավատ փուլում են:
«Սակայն Սարգսյանի վերջնագիրը Թուրքիային ինձ համար բավականին հետաքրքիր թվաց, քանի որ, վստահ եմ՝ Սարգսյանը գիտի, որ Էրդողանը չի արձագանքելու այդ վերջնագրին՝ վավերացնելով այդ արձանագրությունները, ինչպես երեք տարի առաջ, երբ Սարգսյանը կրկին անդրադարձել էր արձանագրություններին:
Կարծում եմ՝ այս անգամ ելույթի թուրքական հատվածի հասցեատերն այն միջազգային հանրությունն էր, որը Սարգսյանի հետ ֆուտբոլային դիվանագիտության, ապա՝ ցյուրիխյան արձանագրությունների նախաձեռնողն էր: Նախաձեռնողների թվում նաև Մոսկվան էր, որն այդ շրջանում որոշակի խնդիրներ էր փորձում լուծել:
Առաջինը՝ Սարգսյանը հասկացրեց, որ գործընթացն ավարտված է, քանի որ գարնանն իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և երկրում փոխվելու է կառավարման համակարգը: Նա օգտվեց նաև այն փաստից, որ Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացման փուլում են, և իր վերջնագիրը ճիշտ կընկալվի: Սա հետաքրքիր ժեստ էր, որը միջազգային հանրությունը ճիշտ կգնահատի: Երկրորդ, Սարգսյանը փորձեց դուրս գալ թելադրված ռուսական օրակարգից՝ փորձելով հավատարմություն հայտնել Արևմուտքին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և աշխարհում Թուրքիայի ներկայիս դերակատարության ընկալման մասով:
Մյուս հասցեատերն էլ, ամենայն հավանականությամբ, ներքին լսարանն էր, որի ուշադրությունը Սարգսյանը նպատակ ուներ գրավել՝ սկսելով ֆուտբոլային դիվանագիտությունը, որի հետ շատերը մեծ հույսեր էին կապում: Հիշում եմ, որ այդ դիվանագիտության մեկնարկը մեծ ոգևորությամբ ընդունվեց Թուրքիայում և Հայաստանում»,- ասաց Աքթարը: Նա նաև նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել նաև առանց այդ արձանագրությունների և նախապայմանների:
Նա հիշեցրեց, որ օրերս Բաքվում Թուրքիայի Պաշտպանության նախարարն իր պաշտոնակցի հետ հանդիպմանը նշել էր, թե Հայաստանը պետք է ազատի որոշ շրջաններ, և Թուրքիան իր գործընկեր Ադրբեջանի կողքին է: Նրա խոսքով՝ սա կարելի է համարել որոշակի պատասխան Ս. Սարգսյանին, Թուրքիան դեռ պատրաստ չէ հարաբերությունների առանց նախապայմանների՝ Ադրբեջանից բավականին բարձր կախվածության պատճառով: Թուրք քաղաքագետի համոզմամբ՝ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, առանց երրորդ երկրների միջամտության, դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ որոշակի փոփոխություններ կրեն Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, և փոխվի Թուրքիայի իշխանությունների բնույթը:
Իր հերթին՝ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ս. Սարգսյանն իր ելույթով փակեց այն դուռը, որը բացել էր Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Սակայն, ըստ նրա, խոսքը պարզապես այս փուլի մասին է, և ՀՀ իշխանություններն այնուամենայնիվ ապագայում ևս ձգտելու են հայ-թուրքական սահմանի բացմանը, որը ներկայումս անիրատեսական է: Էստուկյանի կարծիքով ևս, ՀՀ նախագահի ելույթն ուղղված էր միջազգային հանրությանն ու հայությանը: Դա, նրա որակմամբ, որոշակի պարզաբանում էր, թե ինչու տապալվեց գործընթացը:
Հարցին, թե ինչպիսի օրակարգ և երբ կարող է ձևավորվել հայ-թուրքական հարաբերություններում, Էստուկյանը դժվարացավ պատասխանել: Ըստ նրա, Թուրքիան այնքան շատ խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը վերջին տեղերից մեկում է: Էստուկյանը նաև ասաց, որ գուցե այս թեման կրկին վերադառնա Թուրքիայի օրակարգ, երբ կարգավորվեն Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները, և Արևմուտքը պարտադրի հայ-թուրքական սահմանի բացում: Նրա վստահեցմամբ, երկար ժամանակ է անհրաժեշտ: Ինչ վերաբերում է օրակարգին, ապա երկու երկրների քաղաքական կամքի պարագայում օրակարգի հարցի հստակեցումն ամենահեշտն է, օրակարգը հենց կարգավորումն է, սահմանի բացումը, որի հեռանկարն այսօր դեռ մշուշոտ է: