Ղրղըզստանի դաժան սովորույթները. ինչպես է դասավորվում իսկական «Կովկասի գերուհիների» ճակատագիրը
Kulturologia.ru-ն գրում է, որ Ղրղըզստանում յուրաքանչյուր 5-րդ աղջկա առևանգում են ստիպողաբար ամուսնացնելու նպատակով։ Այս տվյալը հրապարակվել է «Girls Not Brides» միջազգային հասարակական կազմակերպության կողմից. կազմակերպությունը պաշտպանում է անչափահաս աղջիկների իրավունքները, ում ստիպում են ամուսնանալ։ Այն, ինչ տեղի է ունենում ասիական այս երկրում, ընդհանրապես նման չէ մեզ համար սովորական դարձած, խորհրդանշական «աղջիկ փախցնելուն»։ Վախ, ֆիզիկական և հոգեբանական բռնություն, շանտաժ… աղջիկները ստիպված են լինում անցնել այս ամենի միջով։
Հարսնացուին առևանգելու սովորույթը Ղրղըզստանում գոյություն ունի երկար տարիներ, բայց վերջին տասնամյակների ընթացքում փոխել է իր էությունը։
Նախկինում հարսնացուին առևանգում էին միջին եկամուտ ունեցող տղամարդիկ, որոնք ի վիճակի չէին սիրելիի համար գլխագին վճարել կամ հակառակը. դա անում էին հարուստ տղամարդիկ, ովքեր իրենց համար որպես կին ընտրում էին հասարակ աղջիկների։ Սակայն, ինչ էլ տեղի ունենար, տղամարդիկ աղջկա առևանգման ծրագիր մշակում էին միայն այն ժամանակ, երբ աղջկա հետ արդեն իսկ հարաբերություններ էին ունենում, և զգացմունքները փոխադարձ էին։ Այդ դեպքում թե աղջկա, թե տղայի ծնողներն ուրախ էին կատարվածի համար։
Ներկայիս իրավիճակը Ղրղըզստանում շատ ավելի վատ է։ Առավել հաճախ աղջիկներին առևանգում են փողոցում՝ ուժով նստեցնելով մեքենան և տեղափոխելով տղամարդու բնակարան, ում նա մինչ այդ երբևէ չի հանդիպել։ Աղջկան բռնությամբ մի քանի օր պահում են տանը՝ համոզելով ամուսնանալ։ Հաճախ հոգեբանական ծանր վիճակում գտնվող զոհերն «այո» են ասում միայն նորմալ կյանքի վերադառնալու նպատակով։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ տղամարդու բնակարանում եղած կինը համարվում է անմեղությունը կորցած (հայտնի են դեպքեր, երբ առևանգողներն իսկապես բռնաբարել են տուժողին)։ Դա է պատճառը, որ այդ ամենից հետո ծնողների մոտ վերադառնալը հեշտ չէ։ Մեծահասակների համար փեսացուին մերժելը հավասարազոր է խայտառակության։ Որոշ աղջիկների հաջողվում է փախչել, սակայն վերադառնալով տուն՝ նրանք կարող են բախվել այլ խնդրի. ծնողները հրաժարվում են նրանց ընդունել։ Գրանցվում են դեպքեր, երբ աղջիկները չեն կարողանում հաղթահարել ապրումները և ինքնասպանությամբ վերջ են տալիս կյանքին։
Սովորույթը կրում է «ալա կաչու» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է՝ «բռնիր ու փախիր»։ Տարվա ընթացքում նմանատիպ բռնության է ենթարկվում մոտավորապես 15 հազար աղջիկ։ Հաճախ առևանգվում են փոքրահասակ աղջիկներ. յուրաքանչյուր 10-րդ զոհ մինչև 18 տարեկան է։ Եթե աղջկան արդեն իսկ առևանգել են, բայց նա չի ամուսնացել, արժանի տղամարդու գտնելը գրեթե անհնար կլինի. քչերն ուշադրություն կդարձնեն «կեղտոտ» համբավ ունեցող աղջկան։
Ղրղըզստանի օրենսդրությունը պատիժ է նախատեսում հարսնացուի առևանգման համար, սակայն հարազատները գրեթե երբեք չեն դիմում իրավապահներին։ Շատերի համար դա սովորույթ է, որին հարկավոր է հետևել։ Իրավապահներին առավել հաճախ դիմում են այն աղջիկների ծնողները, ովքեր առևանգվելուց հետո հաշմանդամություն են ձեռք բերում։ Հաճախ այդ քայլին դիմում են նաև աղջիկների հարազատները, ովքեր ի վիճակի չեն լինում հաղթահարել «խայտառակությունը»։ Բայց նույնիսկ այդ դեպքում գործերը հաճախ չեն քննվում, հաճախ դանդաղում են, և հանցագործություն կատարած անձինք խուսափում են պատասխանատվությունից։
Վիճակագրության համաձայն՝ իրավիճակից կարողանում է ազատվել աղջիկների 20 տոկոսը, մյուսները համաձայնում են ամուսնանալ։ Դեպքերի մեծամասնությունում տղամարդիկ փնտրում են երիտասարդ և առողջ աղջիկների, ովքեր կվարեն տնտեսությունը, կմշակեն հողը։ Ամուսնական արարողությունը բավական արագ է կատարվում, հենց աղջիկը տալիս է համաձայնությունը. հետո սկսվում է ծանր աշխատանքը։ Այս ամուսնությունները հաճախ են փլուզվում. ամուսնալուծությունից հետո կանայք ցանկանում են կրթություն ստանալ, որը կիսատ են թողել առևանգվելու հետևանքով, աշխատանք գտնել։ Դա հաջողվում է քչերին։ Նույն կերպ քչերին է հաջողվում այս մղձավանջից հետո գտնել իսկական սիրուն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը