Շիրակի մարզը կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգ կունենա
Շիրակի մարզում ներկայումս աղբահանության ծառայությունները հեռու են բավարար լինելուց: Թեև մարզի բնակչության 93.5 %-ին տրամադրվող աղբահանության ծառայության ցուցանիշով Շիրակի մարզը երկրորդն է մայրաքաղաք Երևանից հետո, սակայն բարձր ցուցանիշը կապված է Գյումրիի մեծ տեսակարար կշռի հետ: Մարզի 79 համայնքներից 56-ն այս կամ այն չափի միջոցներ են ուղղում աղբահանության ծառայություններին, որոնք բոլոր դեպքերում բավարար չեն: 23 համայնքներ առհասարակ աղբահանության վրա գումար չեն ծախսում: Գործող համակարգը բնապահպանական, առողջապահական, սանիտարահիգենիկ առումներով խիստ խոցելի է և կարիք ունի բարելավման` հանրապետությունում արդեն իսկ մեկնարկած ԿԿԹԿ ծրագրերի ծիրին մեջ:
Այդ նպատակով կառավարությունը մշակել է և առաջիկա նիստում նախատեսում է հավանություն տալ ՀՀ Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին։
Դրա իրագործման արդյունքում նախատեսվում է, որ մարզի ամբողջ տարածքը կսպասարկի ԵՄ չափանիշերին բավարարող ԿԿԹԿ համակարգ, որը կներառի աղբահանությունը և աղբավայրերի շահագործումը, նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն Շիրակի մարզի տարածքում գործող աղբավայրերը, բացի 1-ից: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ մասշտաբի էֆեկտի շնորհիվ նաև կմեծանա համակարգի գրավչությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ աղբահավաքման արժեշղթայի յուրաքանչյուր օղակում: