Գյումրի գետակը, Չերքեզի ձորը թաղված են աղբի մեջ

Թեև Գյումրու ավագանու որոշմամբ քաղաքում աղբահանության, սանմաքրման աշխատանքների իրականացման համար նոր հիմնարկ ստեղծվեց, սակայն մինչև այժմ Գյումրու որոշ հատվածներ աղբակույտերից չեն ձերբազատվել:

Քաղաքում ոչ միայն մի քանի գետնանցումներ են աղտոտված, այլև Գյումրի գետակը, Չերքեզի ձորը: Քաղաքի գլխավոր աղբավայրն էլ շրջակա միջավայրի համար թունավորման աղբյուր է հանդիսանում, որը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Ընդ որում, այստեղ աղբը միայն կուտակվում է, սակայն այն չի վերամշակվում:

Թեև Գյումրի համայնքի 2013-2016 թվականների զարգացման ծրագրով նախատեսված է եղել գետակների ափամերձ և հարակից տարածքները վերածել էկոլոգիապես մաքուր հանգստի գոտու, սակայն այս ուղղությամբ քաղաքային իշխանությունների ոչ բավարար աշխատանքը և ֆինանսի բացակայությունն արդեն իսկ փաստում են, որ այն գրեթե անիրականանալի ծրագիր է: ԽՍՀՄ փլուզումից հետո Գյումրիում առկա գետակների աղտոտումն առավել մասսայական բնույթ կրեց: Էլ չասենք, թե աղտոտված գետակներն ինչպիսի խոչընդոտ են հանդիսանում Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար:

Չնայած առկա թերություններին, նաև պետք է փաստել, որ քաղաքում աղբահանության իրականացման ծավալները տարեցտարի աճել են:

Կարդացեք նաև

Ըստ համայնքի զարգացման 2013-2016 թվականների ծրագրի՝ քաղաքում աղբահանությունը կատարվել է 1526 բազմաբնակարան շենքերից և շուրջ 15280 մասնավոր տնատիրություններից։ Քաղաքում առկա է եղել 500-ից ավելի աղբաման:

Այժմ աղբահանությունը կատարվում է 1634 բազմաբնակարան շենքերից և շուրջ 20000 մասնավոր տնատիրություններից։ Համայնքի վարչական տարածքում տեղադրված է 799 մեծ և 260 փոքր աղբաման:

Ըստ համայնքի զարգացման ծրագրի՝ չնայած սանիտարական մաքրման և աղբահանության ուղղությամբ նկատելի են դրական փոփոխություններ, սակայն դեռևս շատ անելիքներ կան: Անհրաժեշտ է ձեռք բերել ավլող, բարձող տեխնիկա, աղբի հեռացման հատուկ մասնագիտացված ավտոմեքենաներ:

Գյումրի համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագրի համաձայն՝ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպությունը 2016 թվականին իրականացրել է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է աղբահանության և լուսավորության ոլորտների մոնիտորինգ, բյուջետային հետազոտություն և սոցհարցում (compass-center.org):

Այժմ ինչպե՞ս է իրականացվում աղբահանության գործընթացը Գյումրիում, որքա՞ն գումար է ծախսվում Գյումրիում աղբահանության իրականացման համար:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեր քաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ նա նշեց, որ աղբահանության համար ամսական մոտ 8.5 մլն, տարեկան 68 մլն դրամ է ծախսվում, որի մեջ մտնում է նաև աշխատողների աշխատավարձը, վառելիքը:

«2012 թվականից սկսած Գյումրիում աղբահանությունն իրականացրել է քաղաքապետարանը: 2017 թվականի հուլիսի 6-ից այդ աշխատանքներն իրականացնում է «Գյումրու կոմունալ ծառայություն ՀՈԱԿ»-ը, որն ավագանու որոշմամբ վերջերս է ստեղծվել և գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ»,- ասաց նա:

Նշենք, որ աղբով հագեցած է Գյումրի գետակը: 50-ամյակի կամրջի տակով անցնող գետակն ամբողջությամբ հագեցած է շինարարական, կենցաղային աղբով: Թեև վերջերս դրա մի հատված մաքրվեց պլաստմասսային տարաներից, սակայն այն շարունակում են աղտոտել, ուստի իրականացված աշխատանքները որոշ ժամանակ անց անօգուտ են դառնալու, կամրջի տակ էլ առկա են հողաթմբեր:

Թե Գյումրի գետակի հունն ամբողջական մաքրելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ, արդյոք համայնքը միջոցներ ունի՞ այդ աշխատանքներն իրականացնելու համար, Ս.Առաքելյանը նշեց, որ համայնքը գետակի ամբողջական մաքրման համար ո´չ տեխնիկական, ո´չ էլ ֆինանսական միջոցներ չունի:

«Գյումրի գետակում հաճախ մաքրման աշխատանքներ են իրականացվում. վերջերս ավտոկայանի հատվածում էլ մաքրվեց: Գետակի մաքրումն ընդգրկված է Գյումրու զարգացման ծրագրում, միաժամանակ հարցը ներկայացված է կառավարություն, որպեսզի գումարներ հատկացվեն մաքրման աշխատանքների համար»,- նշեց Ս.Առաքելյանը:

Նշենք, որ անգամ ավտոկայանի հատվածում, որտեղ աղբամաններ կան տեղադրված, շատերն աղբը գետակի մեջ են թափում:

Տարիներ առաջ գետակի աղտոտվածության մասին իր մտահոգությունն էր հայտնել «Նոր Հայացք» հ/կ-ն:

«Նոր Սերունդ» հ/կ-ն էլ «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ԱՄՆ-ի ՄԶԳ-ի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում, սկսել էր իրականացնել «Գյումրու օգնող ձեռքեր. հանուն գետակի մաքրության» ծրագիրը:

Այս ծրագրով նախատեսվում էր ոչ միայն աջակցել գետակի մաքրման աշխատանքներին, այլև մշակել քաղաքականություն դրա ջրի որակի պահպանման համար:
Տարիներ անց գետակի վերջնական մաքրման հարցը չլուծվեց, քաղաքապետարանը չցանկացավ գործուն կերպով միջամտել գետակն աղտոտող բնակիչներին պատժելու մեխանիզմներ մշակելու հարցում: Գուցեև բնակիչներն այնպիսի անպատասխանատու վարքագիծ են դրսևորում, որ որևէ քայլ ձեռնարկելն այս ուղղությամբ անիմաստ է դառնում:

Աղտոտված է նաև Չերքեզի ձորը, որը կանաչ գոտի է հանդիսանում, անզեն աչքով էլ տեսանելի է, որ ձորը կուտակված աղբից մաքրելու համար աշխատանքներ չեն իրականացվում: Այստեղ, բացի կենցաղային և շինարարական աղբի առկայությունից, բնակիչներից մեկը բիզնեսով է զբաղվում՝ ավտոպահեստամասերի վաճառքով:

Թեև ձորի մեջ աղբամաններ կան, սակայն որոշ դեպքերում բնակիչներն աղբը լցնում են ձորի և դրանով անցնող գետակի մեջ:

Հակառակ մեր պնդմանը, Գյումրու քաղաքապետարանից վստահեցնում են, որ Չերքեզի ձորում մաքրման մասնակի աշխատանքներ իրականացվում են, սակայն ամբողջական մաքրում իրականացնել տեխնիկապես հնարավոր չէ:

Մեր տեղեկություններով՝ ձորն աղբից ամբողջությամբ մաքրելու համար անհրաժեշտ է 5 մեքենա, ավտոկռունկ և ամբարձիչ մեխանիզմ: Նման կարգի տեխնիկայի և բանվորների առկայության պարագայում հնարավոր է ձորն աղբից մաքրել 20 օրվա ընթացքում:

Գյումրու գլխավոր աղբավայրում կուտակված աղբի այրման նոր մեթոդի, աղբի տեսակավորման և վերամշակման խնդիրները

Դեռևս 2012 թվականի հոկտեմբեր ամսին վերանորոգվեց Գյումրու գլխավոր աղբավայր տանող անանցանելի ճանապարհի 1.3 կմ երկարությամբ հատվածը:

Սակայն կա մի կարևոր խնդիր՝ աղբավայրում կուտակվող տարատեսակ աղբը չի վերամշակվում, իսկ դրա շարունակական կուտակումները կարող են շրջակա միջավայրի թունավորման պատճառ դառնալ:

Վարդբաղում գտնվող աղբավայրում ձյան և անձրևի պատճառով աղբի խոնավացման պատճառով բակտերիաները և հեղուկի տեսքով առաջացող թունավոր նյութերը հողի մեջ ներծծվելու հետևանքով կարող են թունավորել գրունտային ջրերը:

Նշենք, որ կուտակված աղբը որոշ բնակիչների համար նաև գոյատևման աղբյուր է հանդիսանում:

Մեզ հետ զրույցում որոշ մասնագետներ հավաստեցին՝ այժմ, եթե հնարավորություն չկա աղբը վերամշակել, հնարավոր է Գյումրու աղբավայրում կուտակված աղբի տարբեր տեսակներն առանձնացնել (քանի որ մետաղները չեն այրվում) և այրման ենթակա աղբն այրել գոգավոր հայելիների օգնությամբ:

Սակայն այդ աշխատանքները կազմակերպելու նպատակով Գյումրու քաղաքապետարանը պետք է ֆինանսական ներդրումներ կատարի և համապատասխան բանվորական աշխատուժ ունենա: Բայց նման առաջարկներին քաղաքապետարանը և մյուս պետական կառույցները չեն ընդառաջում. դրանք թղթի վրա են մնում:

Մյուս կողմից՝ աղբը նման ձևով այրելը կարող է շրջակա միջավայրում թունավոր գազերի տարածման պատճառ հանդիսանալ, բայց գոնե աղբավայրում աղբը կուտակելու տեղ կազատվի, քանի որ Գյումրիում աղբի վերամշակման գործարան գոյություն չունի, մինչդեռ Ախուրյանում պլաստմասսե տարաների վերամշակման գործընթաց կազմակերպվում է: 

Ի՞նչ են իրենցից ներկայացնում գոգավոր հայելիները

Գոգավոր հայելիների անդրադարձնող մակերևույթը կարող է լինել գնդային, պարաբոլային, գլանային։ Դրանք ջերմային էներգիան առավելագույնս կենտրոնացնում են փոքր մակերեսի վրա, որը կարող է լինել ինչ-որ այրվող նյութ, փաստացի կարող է լինել նաև այրվող աղբ: Հատկապես ամռանն արևը Գյումրիում ուժեղ է, սակայն ձմռանը գոգավոր հայելիների օգնությամբ ևս հնարավոր է ամսական աղբի ինչ-որ չափաքանակ այրել, այնպես, որ աղբավայրում ավելի շատ աղբ այրվի և ավելի քիչ կուտակվի: Աղբի այրման այս մեթոդը բավական մատչելի է՝ հաշվի առնելով ջերմային էներգիայի անվճար լինելը և այդ հայելիների մատչելի գինը. 1 մետրը՝ մոտ 25000 դրամ:

Օրինակ, ԱՄՆ-ում ջերմակայան կառուցելու համար ևս օգտագործվել են գոգավոր հայելիներ, դրանք օգտագործվում են նաև ջուր եռացնելու համար: Մինչդեռ մեր իշխանություններն ինովացիաների մասին խոսելով՝ իրենց վարած քաղաքականությամբ չեն նպաստում, որպեսզի դրանց կիրառման շնորհիվ որևէ հարց լուծվի: Դա տեղի չի ունենում, քանի որ մեր երկրում ո´չ միտք կա, ո´չ գաղափար, իսկ այն ունեցողներին էլ հնարավորություն չի ընձեռվում կյանքի կոչել իրենց ծրագրերը:

Եթե այս մեթոդը չկիրառվի (որը կարելի է կիրառել նաև ՀՀ մյուս աղբավայրերում կուտակված այրվող աղբն այրելու համար), ապա Գյումրու աղբավայրում աղբի կուտակումն անվերջ չի կարող շարունակվել: Այս պարագայում դրա վերամշակման գործարան կառուցելու նպատակով միջոցներ պետք է հայթայթեն Ախուրյան և Գյումրի համայնքները միասին:

Վերջերս Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Կապանում կոշտ, կենցաղային թափոնների վերամշակման գործընթացին, երբ պլաստիկե տարաները կարելի է աղալ ու ստանալ ցեմենտին փոխարինող նյութ, ինչը հնարավորություն է տալու ցեմենտ-ավազային խառնուրդի փոխարեն՝ պլաստիկ-ցեմենտային խառնուրդ օգտագործել: Մարզպետն ակնարկել էր, որ նման բան նաև Շիրակի մարզում կարելի է անել:

Հավելենք, որ մեր քաղաքի աղբավայրում առկա են աղբի տարբեր տեսակներ՝ ապակի, թուղթ, տոպրակներ, մետաղներ, պլաստիկ շշեր և այլն:

Աղբի որոշ տեսակներ էլ քայքայվում են մինչև 1000 տարվա ընթացքում, իսկ մինչ այդ աղբավայրում մնալով՝ դրանք կարող են զգալի բնապահպանական վնաս հասցնել, հատկապես՝ բջջային հեռախոսների մարտկոցները, որոնք իրենց մեջ ծանր մետաղներ են պարունակում: Իհարկե, հակացուցված է դրանց աղբավայր նետելը, սակայն մեր իրականությունն այլ է:

Ինչ վերաբերում է պլաստմասսե տարաներին, ապա մեր քաղաքում դրանց համար առանձին աղբարկղեր կան, մնացած աղբը չի տեսակավորվում, շատ դեպքերում պլաստիկ տարաներն էլ աղբավայրում են թափվում:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

Հ.Գ. Դեռևս 2013 թվականին քաղաքապետարանի ջանքերով Գյումրու տարբեր հատվածներ մաքրվել էին տարիներով կուտակված աղբից: Նման միջոցառումները նվազ արդյունք կունենան, եթե բնակիչները շարունակեն աղտոտել շրջակա միջավայրը: Քաղաքային իշխանությունները բավարար չափով չեն վերահսկում, որպեսզի քաղաքի տարբեր հատվածներ չաղտոտվեն, հետո էլ մեծ գումարներ են ծախսում աղբը հեռացնելու նպատակով:

Օրինակ, կարելի էր այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնք թույլ չէին տա Չերքեզի ձորում բազմաշերտ աղբի կուտակումը, ու այժմ անհրաժեշտ չէր լինի մտածել, թե որքան գումար է անհրաժեշտ ձորն աղբից ազատելու համար: Նախկին անտառապատ ձորը երկրաշաժից հետո լիովին կերպարանափոխվել և այլանդակվել է:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հռչակած «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացումն է՛լ առավել արդյունավետ կլինի միայն բնակիչների հանդեպ խիստ վերահսկողություն սահմանելու դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս