Բաժիններ՝

«Քաղաքական ենթատեքստ ունեցող դրամաշնորհները պետք է անպայման կասեցվեն». ցանկը կներկանացվի ԱՆ

«Ժողովրդի ձայն» հ/կ փորձագետ Արման Ղուկասյանը ՀՀ արդարադատության նախարարությանն է ներկայացնելու այն հ/կ-ների ցանկը, որոնք դրամաշնորհներ են ստանում օտար երկրներից՝ ստուգումներ անցկացնելու նպատակով, որովհետև, ըստ նրա՝ դրանք ծառայում են ոչ այնքան՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության, որքան՝ այն հիմնադրամների և օտար երկրների, որտեղից դրամաշնորհներ են ստանում։ Արման Ղուկասյանը նշեց, որ Արդարադատության նախարարություն են ներկայացվելու 10 հ/կ-ների անուններ։

Ա. Ղուկասյանի խոսքով՝ իրենք օրինագիծ են ներկայացնելու Ազգային ժողով, որտեղ նրանք առաջարկում են, որ Հայաստանում մասամբ ընդունվի օտարերկրյա գործակալների օրենքը.

«Մենք առաջարկում ենք ոչ թե օտարերկրյա դրամաշնորհներ տացող կազմակերպություններն արգելել Հայաստանում, այլ մասամբ։ Այն հ/կ-ները, որոնց գործունեությունը չի համապատասխանում հասարակական կազմակերպությունների ֆորմատին, իրենց գործունեությունը վերանայվի և ավելի ճիշտ ուղղությամբ իրենց ուղղորդվի»։

Առաջարկվում է նաև Արդարադատության նախարարությանը կից կոնկրետ խորհուրդ ստեղծել. «Այդ խորհրդում ներգրավված լինեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որպեսզի խորհրդի աշխատանքն ավելի թափանցիկ լինի։ Եվ օտարերկրյա դրամաշնորհները հսկվեն։ Տեսնեն, թե արդյո՞ք գումարները, որոնք տրվում են օտարերկրյա հիմնադրամների կողմից, համաչափ են այն գործունեությանը, որն  այդ կազմակերպությունը ծավալում է։ Արդյո՞ք տրված գումարների չափերը չեն գերազանցում կատարված գործունեությանը»,- նկատեց Ա. Ղուկասյանը։

Նրա գնահատմամբ՝ քաղաքական ենթատեքստ ունեցող դրամաշնորհները պետք է անպայման կասեցվեն։ Բանախոսն օրինակ բերեց այն, որ անցած տարի Եվրոպական ժողովրդական աջակցման հիմնադրամը Տավուշի ընտրություններում աջակցել է կանանց, որպեսզի  նրանք  մասնակցեն այդ ընտրություններին.

«Սա ինչպե՞ս կարելի է անվանել, եթե ոչ՝ կոնկրետ քաղաքացիական դրամաշնորհ»։ Բանախոսը հիշեցրեց նաև,  որ ԼԳԲՏ համայնքին վերաբերող ֆիլմ էր նկարվել «Փինք Արմենիա» կազմակերպության կողմից, որին հովանավորել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Անընդունելի է, երբ ընդհանրապես միջազգային դիվանագիտական տեսչությունը կամ միջազգային դիվանագիտական կառույցն ինչ-որ դրամաշնորհով աջակցում է մեր երկրի կազմակերպություններին, կուսակցություններին և այլն։ Օրինագծում կետ է լինելու նաև այն մասին, որ դիվանագիտական ներկայացուցչությունները չպետք է ֆինանսավորում կամ աջակցություն ցուցաբերեն։ Դա չի տեղավորվում նույնիսկ դիվանագիտական էթիկայի մեջ»,- ասաց պարոն Ղուկասյանը։

Վերջինիս խոսքով՝ իրենք կարծում են, որ ստուգումներ պետք է անցկացվեն «Փինք Արմենիա» հ/կ-ում, «Նոր սերունդ» հումանիտար կազմակերպությունում, Կանանց ռեսուրսային կենտրոնում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում։

«Ես չեմ ուզում սևացնել այդ կազմակերպություններին, որովհետև նրանք  բավականին լավ գործեր էլ են կատարում, բայց դրամաշնորհի իմաստը կայանում է սրանում՝ գումար ես տալիս ինչ-որ մի բանի համար, բայց  դրա  ֆոնի տակ ուրիշ՝ ի նպաստ քեզ, շահեր ես տանում առաջ»,- նշեց Ա. Ղուկասյանը։

Հարցին՝ արդյո՞ք սա չի հակասում վերջերս ընդունված օրենքին, որտեղ հ/կ-ների լիազորություններն ավելի ընդլայնված են, և արդյո՞ք այդ օրինագծով իրենք չեն սահմանափակում նրանց ազատությունը, և դա ժողովրդավարությանը դեմ քայլ չէ՞, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Այն չի սահմանափակում, այլ կարգավորում է հ/կ-ների աշխատանքը. դրանք տարբեր բաներ են։ Եթե հ/կ-ները վախենալու ոչինչ չունեն, ապա թող գումարները տրվեն այդ  խորհրդին, այդ խորհուրդն ուսումնասիրի ծավալած գործունեությունը, դրամաշնորհի կոնկրետ նպատակը, և դրանից հետո փոխանցումները տեղի ունենան, գործունեությունն էլ ավելի կարգավորված լինի»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս