Բաժիններ՝

«Տղա երեխայի նախապատվության խնդիրը մեծ է հատկապես գյուղերում»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը ներկայացնելով «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածության և պատճառների վերաբերյալ 2017 թվականի հետազոտության» արդյունքները՝ այսօր նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում փոքր-ինչ նվազել է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը:

Արմեն Գալստյանի հաղորդմամբ՝ «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածության և պատճառների վերաբերյալ 2017 թվականի հետազոտությունը» սկսել են 2016 թվականի վերջին և ավարտել 2017 թվականի սկզբին: Հետազոտության մեջ ներգրավված է եղել 34 քաղաք, հարցվողները եղել են 15-45 տարեկան երբևէ հղիացած կանայք:

Նրա փոխանցմամբ՝ հետազոտության համար կիրառվել է երկու մեթոդ. մեկը տնային տնտեսությունների պատահական ընտրանքով հարցումն էր, մյուսը՝ որակական հետազոտությունը:

Արմեն Գալստյանի խոսքով՝ հետազոտության նպատակն էր, որ հնարավոր լինի համադրություն տեսնել ՄԱԿ-ի կողմից 2011 թվականին իրականացրած հետազոտության և այս հետազոտության արդյունքների միջև:

«Մեր հետազոտությունը հիմնականում կրկնել է նույն մեթոդաբանությունը: Հարցաշարը բաղկացած էր 7 բաժիններից: Առաջին երկու բաժինները վերաբերում էին կանանց և նրանց ամուսինների որոշակի սոցիալական և ժողովրդագրական տվյալներին,  կային նաև հարցեր կենցաղային պայմանների հարմարավետության մասին: 3-4-րդ բաժինները վերաբերում էին հղիության ընթացքին և արդյունքներին, սրա հետ էր կապված նաև 5-րդ բաժինը, որը վերաբերում էր աղջիկ կամ տղա երեխա ունենալու նախապատվությանը: Իսկ վերջին բաժինը վերաբերում էր պտղի սեռի ընտրության խնդիրներին»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով աղջիկ կամ տղա երեխային նախապատվություն տալուն՝ Արմեն Գալստյանի նկատեց, որ տղա երեխայի նախապատվության խնդիրը մեծ է հատկապես գյուղերում, որտեղ տղա երեխային նախապատվություն տալիս է մոտ 40 %-ը, իսկ աղջիկ երեխային՝ 5-6 %-ը:  Նրա խոսքով՝ պատկերն այլ է քաղաքային համայնքների դեպքում, երբ տղա երեխային նախապատվություն տալիս են 11 %-ը, իսկ աղջիկ երեխային՝ 5 %-ը, այսինքն՝ հարաբերակցությունը քիչ է:

Նրա խոսքով՝ այս խնդրին փոքր-ինչ լուծում տալու համար անհրաժեշտ են սոցիալական լուծումներ, այսինքն՝ մտածելակերպի փոփոխություն, աղջիկ երեխայի դերի արժևորում, և այլ:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս