Բաժիններ՝

Արաբական երկրները հայտնել են Քատարին ներկայացվող պահանջների ցուցակը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ Բահրեյնի դիվանագետները հայտարարել են, որ Քատարի շուրջը ծագած ճգնաժամում ցանկացած միջնորդություն պետք է հիմնվի այն վեց պահանջներից բաղկացած ցուցակի վրա, որին արաբական երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հավանություն են տվել հուլիսի 5-ին Կահիրեում կայացած հանդիպմանը, հուլիսի 20-ին հաղորդել է Էմիրությունների WAM գործակալությունը։

Դիվանագետների հայտարարությամբ, որոնք համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել Նյու Յորքում, ցուցակը ներառում է «ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարին հետեւելու անհրաժեշտություն, հրաժարում անհանդուրժողության եւ բռնության սադրանքներից եւ կոչերից, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործացության խորհրդի շրջանակներում 2013 եւ 2014 թվականների համաձայնագրերի կատարում եւ 2017 թվականի մայիսին էր Ռիադում կայացած արաբա-ամերիկյան գագաթնաժողովի բոլոր արդյունքների կատարում»:

Բացի դրանից, հիշատակվել է «ներքին գործերի միջամտությունից եւ ապօրինի կազմավորումների աջակցությունից հրաժարումը» եւ «ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի համար միջազգային հանրակցության բոլոր երկրների պատասխանատվության սկզբունքը»:

Նաեւ Քատարին բոյկոտ հայտարարած արաբական երկրների ներկայացուցիչները նշել են, որ Դոհան ոչ մի կարգի լուրջ քայլեր չի ձեռնարկել, որպեսզի պատախանի այն սկզբնական պահանջներին, որոնք հունիսին առաջադրել էին իրեն:

Հուլիսի 19-ին հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը կրճատել են Քատարի համար պահանջների ցուցակը եւ դրանք կատարելու կոչ են արել առանց կոնկրետ ժամկետների նշման: The Wall Street Journal թերթի տվյալներով՝ արաբական երկրները 13 մանրամասն պահանջների փոխարեն ձեւակերպել են վեց ընդհանուր «սկզբունքներ»: Հրատարակության տվյալներով՝ նոր ցուցակում բացակայում են «Ալ Ջազիրա» ամբողջ արբանյակային ցանցը փակելու, ինչպես նաեւ Քատարից իսլամիստական կազմակերպությունների բոլոր անդամներին անհապաղ վտարելու պահանջները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս