Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային վերացնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Թուրքիայում մարդու իրավունքների վեց պաշտպանի կալանավորման փաստը՝ կոչ անելով իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրանց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Փոքրաթիվ ապացույցներով կամ թափանցիկությամբ նման մեղադրանքները ոտնահարում են Թուրքիայում օրենքի գերակայությունը և անհատների իրավունքը հարգելու այդ երկրի պարտավորությունները: Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին հրաժարվել մեղադրանքներից, ազատ արձակել կալանավորվածներին ու դադարեցնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, որը թույլ է տալիս հետապնդել անհատներին»,- ասել է պետդեպի խոսնակը՝ նշելով, որ իրենք շարունակելու են հետևել դեպքին:

Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:

Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս