Դանակահարություն Աբովյան փողոցում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աբովյան փողոցում մայիսի 3-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2017թ. մայիսի 03-ին՝ ժամը 21:10-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1987թ. ծնված Ս.Օհանյանը: Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը կտրող-ծակող գործիքի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածքն ստացել է Աբովյան փողոցում գործող խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Նախնական տվյալներով՝ տուժողը և կասկածյալն իրականացնում են մասնավոր ուղևորափոխադրումներ և ավտոմեքենաները հիմնականում կայանում են Երևան քաղաքի Աբովյան փողոցում: Դեպքի օրը՝ մայիսի 3-ին ՝ ժամը 20:30-ի սահմաններում, պատվիրատուների սպասարկման հերթը խախտելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ տուժողն ստացել է ծանր մարմնական վնասվածքը։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: