Բաժիններ՝

«Մեծ Բրիտանիան Brexit­-ից ավելի շատ կկորցնի, քան ԵՄ-ն». Մոգերինի

Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու իր որոշման պատճառով ավելի շատ կկորցնի, քան դաշինքի մնացած երկրները: Այդ մասին, ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, ԵՄ-­ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է Պեկինի Ցինխուա համալսարանում ունեցած ելույթի ժամանակ:

«Ինձ համար ԵՄ­-ի անդամ բոլոր պետությունները հավասարապես կարեւոր են: Բայց կարծում եմ, որ մեր բրիտանացի բարեկամները ավելի շատ կկորցնեն, քան մենք»,-հայտարարել է Մոգերինին ուսանողներին: Եվրոպական դիվանագիտության ղեկավարն
ընդգծել Է, որ նույնիսկ դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ-­ն կմնա «աշխարհի առաջին շուկան եւ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը»:

Ապրիլի 18-­ին վարչապետ Մեյը հայտարարել է հունիսի 8-­ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք է առավելագույնս ուժեղ լինի:

Մեյը հորդորել է պատգամավորներին՝ պաշտպանել վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Կարծում եմ, որ երկրի համար այս շատ կարեւոր պահին այստեղ՝ Վեստմինսթերում, պետք է լինի միասնություն, այլ ոչ թե բաժանում: Ահա թե ինչու մեզ բոլորիս համար ճիշտ ու պատասխանատու կլինի քվեարկել համընդհանուր ընտրությունների անցկացման օգտին»,­-ասել է Միացյալ

Թագավորության կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդը:
Բրիտանացի պատգամավորները պաշտպանել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը: Ավելի վաղ Մեյը հայտարարել է, որ Եվրամիությունում ՄԵծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ կրկնական հանրաքվե չի լինելու:

«Հետդարձի ճամփա լինել չի կարող»,-­ասել է նա BBC­-ի եթերում, հավելելով, որ այժմ կառավարությանն անհրաժեշտ է կատարել Brexit­-ին վերաբերող իր խոստումը:
Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄ-­ից Միացյալ Թագավորության դուրս գալու գրաֆիկի վրա: Նրա խոսքով՝ Brexit-­ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»:

Դաունինգ­սթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս