Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Մակրոնը խոստանում է ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ընտրվելու դեպքում կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին Մակրոնը նշել է Nouvelles d’Armenie­-ի հետ հարցազրույցում:

«Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Ֆրանսիան աշխատում է միջազգային իրավունքի համապատասխան, բանակցված լուծում գտնել Ղարաբաղի հարցում: Այս համատեքստում է, որ ի հայտ է գալիս ճանաչման (Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման-խմբ.) հարցը: Մեր երկիրը պետք է լիովին իր դերը խաղա այս հարցում»,­-նշել է Մակրոնը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղի հարցով 2014թ. Փարիզում կայացած գագաթնաժողովից հետո համապատասխան ջանքեր չեն ներդրվել: Մակրոնը ցանկանում է կրկին ջանքեր ներդնել խնդրի այնպիսի լուծում գտնելու ուղղությամբ, որով միաժամանակ կհարգվի և՛ տարածքային ամբողջականության, և՛ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները:

«Ճանապարհն, իհարկե, բարդ է, սակայն մենք պետք է առաջ շարժվենք»,­-ընդգծել է Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-­ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7­-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան­Լյուկ Մելանշոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս