Հուսով ենք, որ Վրաստանը չի դառնա աշխարհի այն միակ պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային հավաքներ
Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։ Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է։
«Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության կամ Պաշտպանության նախարարության կազմում, իրավունք ունեն առանց նախնական զգուշացման հավաքվել հրապարակայնորեն և անզեն, ինչպես փակ տարածությունում, այնպես էլ ցանկացած այլ վայրում», -Վրաստանի Սահմանադրություն, Կետ 25։
Վրաստանում գործող Օրենսդրության համաձայն՝ Վրաստանի Հայ Համայնքը նախօրոք տեղեկացրել է Թբիլիսիի Քաղաքապետարանին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցույցերի անցկացման տեղի, ժամանակի և ձևաչափի մասին։
Մենք՝ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին ներկայացնող Վրաստանի Հայ Համայնքը, հուսով ենք, որ Վրաստանը՝ մեր տունը և միաժամանակ Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարիդրացիության և եղբայրության բազմադարյա ավանդույթներով կապված երկիրը հանդիսանալով՝ չի դառնա աշխարհի այն միակ պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային հավաքներ՝ նվիրված հայ ժողովրդի Ցեղասպանության տարելիցին։
Վրաստանի Հայ Համայնք