Անորակ վառելիքի վերաբերյալ վարչապետի հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվի
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ անորակ նավթամթերքի պատճառով ռազմատեխնիկայի չաշխատելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: ՀՀ Ազգային ժողովում վարչապետի վերոնշյալ հայտարարությանն անդրադարձել էին մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ politik.am լրատվական կայքը հրապարակել էր «Ծանր հանցագործություն. վարչապետը մեղադրում է Բարսեղ Բեգլարյանի՞ն» վերնագրով նյութ, որում մեջբերելով Կ. Կարապետյանի խոսքը՝ կայքն այն որակում է որպես հանցագործության մասին հաղորդում:
Իսկ 1in.am լրատվական կայքն էլ անդրադարձել էր վերոնշյալի վերաբերյալ Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որում վերջինս սպառնացել էր նշել մեղավորների անունները: Դատախազությունը դրանք որակել է որպես վերացական բնույթ կրող և ենթադրությունների վրա հիմնված տվյալներ և հրաժարվել քրեական գործ հարուցել, միաժամանակ պատճառաբանել, թե «քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»:
Դատախազությունից հայտնում են նաև, որ քառօրյա պատերազմի ընթացքում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր՝ տանկերի բաքերում դիզվառելիքի փոխարեն ջուր լինելու և մարտկոցների բացակայության մասին հայտարարության կապակցությամբ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, և սրա վերաբերյալ ևս քրեական գործ չի հարուցվել:
Սրան ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադարձել էր նաև «2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» անցած տարվա նոյեմբերին հրապարակված զեկույցում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ