Ֆիլիպինների բանակը հայտնել է «Աբու Սայաֆի» պարագլխի վերացման մասին
Ֆիլիպինների բանակը հայտարարել է «Աբու Սայաֆ» իսլամիստական խմբավորման պարագլուխ Մոամար Ասքալիի վերացման մասին, որին արեւմտյան երկրները մեղավոր են համարում պատանդների սպանության մեջ, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես հաղորդել է տեղական հեռուստատեսությունը, Ասքալին, որը նաեւ հայտնի է Աբու Ռամի անվամբ, սպանվել է Բոխոլ կղզում կառավարական զորքերի հետ ընդհարման ընացքում:
Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Էռնեստո Աբելան Ասքալիի մահը լուրջ հարված է համարել խմբավորմանը:
«Աբու Սայաֆ» խմբավորումը հիմնվել է 1990-ական թվականների սկզբին: Համարվում է, որ դրա մեջ է մտնում շուրջ 400 մարդ, իսկ 2014 թվականից դրա մի քանի բջիջներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությանը: