Վահան Շիրխանյանին տրվում են բոլոր նշանակված դեղամիջոցները. ՔԿՎ
Ապրիլի 11-ին www.azatutyun.am կայքում «Վահան Շիրխանյանի փաստաբան. Ահազանգում ենք, որպեսզի նրա կյանքը փրկվի» հրապարակման մեջ Հ. Ալումյանը մասնավորապես հայտարարել է, թե «չնայած քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ անցկացրած հետազոտության համաձայն, նշանակվել է բուժում՝ կինեզոթերապիա, և երկու տեսակի դեղորայք, սակայն ո՛չ բուժումն է իրականացվում, ո՛չ էլ դեղերն են տրամադրվում»:
Սույն պնդման կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է, որ փաստաբանի կողմից մեր հասարակությանն ապակողմնորոշելու հերթական անհաջող փորձն է կատարվում, քանզի Վահան Շիրխանյանին տրվում են բոլոր նշանակված դեղամիջոցներն առանց բացառության, իսկ կինեզոթերապևտիկ բուժում վերջինիս պաշտպանյալը համապատասխան մասնագետների կողմից ստանում է ապրիլի 10-ից, ճիշտ այն պահից, երբ Քրեակատարողական ծառայությունը հայտարարել է այդ մասին, ինչի կապակցությամբ ի դեպ Վ. Շիրխանյանը իր գոհունակություն է հայտնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժանձնակազմին:
Ինչ վերաբերում է փաստաբանի այն պնդմանը, թե «Դատապարտյալների հիվանդանոցում» չկան իր կողմից նշված նեղ մասնագետները, ապա շտապենք հիասթափեցնել նրան. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կան և անոթային վիրաբույժներ, և վնասվածքաբան-ոսկրաբան:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ հիմնազուրկ հայտարարություններով հանդես գալու գայթակղությունից:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին