Ռուսաստանի փոխվարչապետի կոչը` Թուրքիային
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում առկա փոխադարձ սահմանափակումները վնաս են հասցնում երկու երկրին էլ:
«Կորուստները կանխելու համար ամենաճիշտը կլինի այն, որ սահմանափակումները հանվեն երկկողմանիորեն»,- ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ ասել է Դվորկովիչը: Այժմ անհրաժեշտ է, որ թե Թուրքիան և թե Ռուսաստանը երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում գործնական քայլեր ձեռնարկեն:
Ռուսաստանի փոխվարչապետը տեղեկացրել է նաև, որ ռուսական հացահատիկի շուրջ ստեղծված խնդիրը թուրքական կողմի հետ քննարկվելու է ապրիլի 16 -ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության կողմից ռուսական ցորենը հանվել էր ներկրվող լիցենզավորված ապրանքների շարքից:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, նաև որ Ռուսաստանը դեռևս չի հանել թուրքական մի շարք ապրանքանիշերի վրա սահմանված արգելքները: Մասնավորապես արգելք է սահմանված Թուրքիայից ՌԴ ներկրվող հավի, հնդկահավի, լոլիկի, վարունգի, խաղողի, խնձորի և տանձի ներմուծումների վրա: