«Մենք խրված ենք ճահճի մեջ». Դավիթ Գասպարյան
Գրականագետ Դավիթ Գասպարյանը, երգահան Վահան Արծրունին և բեմադրիչ Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփ դիտարկումներ արեցին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների և դրա արդյունքների վերաբերյալ:
«Թեև իշխանությունը վերարտադրվեց, բայց մենք հնարավորություն ունենք ամեն ինչ սկսել նոր էջից: Որքան էլ տարօրինակ թվա, ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր խորհրդարան են անցել, իսկ մենք պետք է պարբերաբար հիշեցնենք նրանց նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց դրական կողմից ներկայացրած բոլոր խոստումներն ու ստիպենք կյանքի կոչել դրանք: Երեք բան պետք է փոխվի մեզանում, առաջին հերթին՝ բարոյահոգեբանական մթնոլորտը, որ առողջացման կարիք ունի, տնտեսական առաջընթացի համար լուրջ քայլեր պետք է նախատեսվեն և ամեն կերպ պետք է կասեցվի այս խայտառակ արտագաղթը: Մեզ թթվածին է հարկավոր, ոչ թե ածխաթթու գազ: Աստված տա` մի քիչ փոխվեն, թե չէ մենք խրված ենք ճահճի մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Երգիչ, երգահան Վահան Արծրունու կարծիքով էլ` ընտրություններն ուղղորդվեցին գործընթացներով, որոնք օրենքից դուրս էին: Ըստ նրա` եթե մարդու ազատ ընտրելու իրավունքը պաշտպանված է, ձայների բաշխումն արդարացված է լինում, բայց մեր պարագայում նույնիսկ հանցավոր գործոններն էին աշխատում: Ուստի, երգչի հավաստմամբ, մեր դեպքում իրավունք չունենք աշխարհում ընթացող ժողովրդավարության դիրքերից խոսելու:
Երաժիշտ Վահան Արծրունին նկատում է՝ պետք է հասկանանք, որ այս պրոցեսն ուղղորդվել է որոշակի գործոններով, որոնք օրենքից դուրս են, և հավելում է.
«Ընտրությունից հետո Էդուարդ Շարմազանովն իր երեկվա ելույթում անդրադառնալով իրենց կուսակցական Առաքել Մովսիսյանի խորհրդարան չանցնելու հանգամանքին՝ ասում է մի բան, որ բացահայտորեն նկարագրում է մեր երկրի ներկա իրավիճակը: Նա իր ելույթում մասնավորապես նշում է՝ կուսակցությունը մի մեծ ընտանիք է, և այն ունի իր հայրը, ով իր անդամներին փողոցում չի թողնի: Սա այլ լեքսիկայով բացատրելու և հասկանալի դարձնելու համար մենք պետք է հասկանանք, որ տվյալ պարագայում Հանրապետական կուսակցությունը դիտարկվում է՝ որպես թայֆա, որն ունի իր պախանը, և թայֆան իր անդամներին բաց երկինքի տակ չի թողնի: Այլ կերպ ասած՝ սա մաֆիայի նկարագրություն է, որը վեր է դասվում պետությունից, պետական շահից և օրենքից»:
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համար ընտրությունների արդյունքն անակնկալ չէր: Ռեժիսորն ամեն դեպքում վստահ է՝ միայն ընտրության ակտով որևէ բան չի փոխվում, հատկապես, եթե տվյալ պարագայում խոսքը մեծ իմաստով ոչ թե ընտրության, այլ քվեարկության մասին է. «Ընտրությունը քաղաքակրթական կողմնորոշում է, արժեքային համակարգի ձևաչափ, իսկ քվեարկությունն ընդամենն այդ ընտրություն հաստատումն է: Այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, տեղափոխվում է նաև ընտրությունների դաշտ, և մարդիկ որոշում են, որ ընտրության ժամանակ էլ կարելի է ամեն ինչ գնել ու վաճառել»:
Ռուբեն Բաբայանը վստահ է՝ չկան առողջ և հիվանդ ազգեր: Յուրաքանչյուր ազգ կազմված է մարդկանցից, ովքեր անընդհատ փորձում են կրթվել, զարգանալ, և, եթե այդ մարդկանց թիվը շատ է, ժողովուրդն էլ զարգանում է. «Եթե մենք ի սկզբանե համարում ենք, որ մենք իդեալական ենք, և, ոչինչ չանելով՝ ուղղակի մարդկանց տեղերով փոխելով, ինչ-որ լավ բանի ակնկալիք ունենալը պարզապես անարդյունք սպասում է, որը ոչ մի բանի չի հասցնի: Զարմանալիորեն, բայց նույն արմատից բուսնեցին երկու տարբեր երևույթներ` ընտրությունները բոյկոտողներն ու փող վերցնողները. երկուսն էլ նույն գաղափարախոսությունն ունեն` չեն հավատում: Միայն մի բան է հստակ` ազգի բարոյալքությունն ամենևին էլ կուսակցություններից չի կախված»: