ՕՐՕ-ն փողոց դուրս չի գա. վախենում են խայտառակ լինել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած ընտրություններում ստացած փոքր ձայներին ու հայտարարությանը, թե «ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը եւս մեկ մեծ հետքայլ արձանագրեց, եւ սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», ՕՐՕ-ն դուրս չի գա փողոց ու իր համակիրների հետ չի գնա փողոցային պայքարի:

Երեկ կայացել է ՕՐՕ–ի հետընտրական ժողովը, որի ընթացքում ՕՐՕ–ի ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը ներկաներին բացատրել են, որ այս պահին փողոցային պայքարի իմաստ չկա: Ասել է թե՝ հետընտրական պայքար չի լինի, ՕՐՕ–ն փողոց դուրս չի գա: Հավաքի ժամանակ հնչել է նաեւ կարծիք, թե «մարդիկ իրենց ձայնը ծախել են իշխանությանը, ի՞նչ պայքարենք»:

Մինչդեռ նախօրեի հայտարարության մեջ ՕՐՕ-ն հայտարարել է. «Փոփոխություններն անխուսափելի են, եւ մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»:

Իրականում չի բացառվում, որ ՕՐՕ-ն փողոցային պայքարի չգնալու այլ պատճառ ունի. թերեւս ՕՐՕ-ում վախենում են քիչ մարդ հավաքել հրապարակում ու, այսպես ասած, խայտառակ լինել: Մեկ-երկու սակավաթիվ ու մարող հավաք, եւ ՕՐՕ-ն արագ կսպառի Սերժ Սարգսյանի իշխանությանը միակ արմատական ընդդիմադիրի իր դերը: Իսկ այլ դերակատարություն այս պահին դաշինքը չի կարող ստանձնել:

Միեւնույն ժամանակ «Փաստին» հասած տեղեկություններով, ՕՐՕ-ի ղեկավարներն ասել են, որ դաշինքը չի առանձնանա, կշարունակի համատեղ պայքարը եւ որ այժմ դաշինքի հիմնական խնդիրը ընդդիմությունը կոնսոլիդացնելն է ու ներսից ուժեղանալը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս