Հայաստանում մեկնարկել են «անկյունաքարային» ընտրությունները. միջազգային ԶԼՄ­ ների անդրադարձը

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-­ի առավոտից մեկնարկած խորհրդարանական ընտրությունները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Հեղինակավոր պարբերականներն ու լրատվական գործակալությունները փաստում են, որ այս ընտրություններն անկյունաքարային նշանակություն են ունենալու Հայաստանի համար:

Russia Today­-ը հայտնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի ավելի քան 2.5 մլն քաղաքացի, ինչպես նաև արտերկրում բնակվող 900 քաղաքացի, այդ թվում և դիվանագիտական ու զինվորական ծառայողները:

«Քվեարկությունը մաս է կազմում Հայաստանի` դեպի խորհրդարանական համակարգի անցմանը: 2015 թվականի դեկտեմբերին իրականացված Սահմանադրական հանրաքվեի փոփոխություններով` Հայաստանի ներկայիս առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը կդառնա վերջին նախագահը, որն ընտրվել է ժողովրդական քվեարկության արդյունքում:

Հաջորդ տարի նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկրի արարողակարգային ղեկավարին կնշանակի խորհրդարանը, նա կունենա միայն ներկայացուցչական իշխանություն: Խորհրդարանը կընտրվի հինգ տարի ժամկետով և կդառնա հանրապետության հիմնական իշխանությունը»,­-գրում է լրատվամիջոցը:

Այն նաև նշում է, որ աշխարհահռչակ System of a Down խմբի երաժիշտ Սերժ Թանկյանն անկախ միջազգային դիտորդների շարքում է: Ամերիկյան հեղինակավոր The Washington Post­-ը ևս ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում անցկացվում են առաջին խորհրդարանական ընտրությունները:

«Քվեարկությունից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի ուժն առաջատարն է, իսկ նրան շատ մոտ հաջորդում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը»,­-նշում է լրատվամիջոցը:

Երկու կուսակցությունների մրցման մասին գրում է նաև Al­Jazeera­-ն.

«Կիրակի օրը տեղի ունեցող ընտրություններին ակնկալվում է, որ սերտ մրցավազք կլինի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած, մեծամասնություն ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության և գործարար, բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի միջև: Այս ընտրությունները առանցքային
ժողովրդավարական թեստ են փոքր, 2.9 միլիոնանոց բնակչություն ունեցող, ցամաքով շրջապատված ժողովրդի համար, որի պատմության մեջ չի եղել քվեարկության միջոցով իշխանության փոխանցում ընդդիմությանը»:

Լիբանանյան Daily Star­-ն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններն «անկյունաքարային» են լինելու: Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են նաև գերմանական Deutsche Welle-­ն, ամերիկյան Business Standard-­ը և այլ լրատվամիջոցներ:

Տեսանյութեր

Լրահոս