Ով ինչ ակնկալիքներով է մոտենում քարոզչության եզրագծին
Նախընտրական մրցավազքը մոտենում է եզրագծին: Քարոզչությանը մնացել են հաշված օրեր, որի ընթացքում կուսակցություններն ու թեկնածուները կփորձեն մի վերջին անգամ համոզել ընտրողներին իրենց ձայն տալու հարցում: Համապետական մասշտաբով արդեն ակնհայտ են երկու ֆավորիտները` ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, որոնք էլ միմյանց միջև կվիճարկեն առաջին և երկրորդ տեղերը: Կատաղի պայքար է գնում երրորդ հորիզոնականի համար, որին հավակնում են միանգամից 5 քաղաքական ուժեր` «Ելքը», «Կոնգրես-ՀԺԿ»-ն, Դաշնակցությունը, ՀՎԿ-ն ու ՕՐՕ-ն:
Արդեն տեսանելի են նաև վարկանիշային ընտրակարգով առաջատարները: Երևանի 4 ընտրատարածքներից միայն երկուսում «թեժ» քարոզարշավ ընթացավ` 1-ին և 2-րդ ընտրատարածքներում: Երկրորդում ավելի շատ նկատվեց թաղային խուժանի ակտիվ ներգրավվածություն, որն ուղեկցվեց բախումներով ու ծեծկռտուքներով: Իսկ 1-ին ընտրատարածքում, ինչպես և սպասվում էր, հիմնական մրցապայքարը ծավալվեց ՀՀԿ-ի ներսում` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի միջև: Ընդ որում, այդ մրցակցության մեջ կուսակցական ու վարչական հիմնական ռեսուրսներն աշխատում էին Տ.Մարգարյան թեկնածուի օգտին, իսկ Մ. Պողոսյանը նույն կուսակցությունում հայտնվել էր ընդդիմության կարգավիճակում, առանձնապես չէր օգտվում կուսակցական քարոզչական ռեսուրսներից, առանձին նախընտրական արշավ էր իրականացնում, որի համար էլ ուղղորդված քննադատության էր արժանանում իշխանական որոշ լրատվամիջոցների կողմից:
Կհաջողվի՞ Միհրան Պողոսյանին՝ իշխանության ներսում լինելով, միաժամանակ, միայնակ հաղթել Տարոն Մարգարյանի վարչական ռեսուրսին, ցույց կտան արդեն քվեարկության արդյունքները: Մի բան ակնհայտ է, ապրիլի 2-ին թեժ է լինելու: