Հռոմի պապը հորդորել է պաշտպանել Իրաքի խաղաղ բնակիչներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրաքի խաղաղ բնակիչներին պաշտպանելու շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամի հերթական սաստկացումից հետո: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը:
«Խորը ցավ հայտնելով արյունահեղ հակամարտության հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, ես վերստին հորդորում եմ՝ բոլոր ուժերը ներդնել քաղաքացիական անձանց պաշտպանելու համար: Դա անհրաժեշտ եւ անհետաձգելի պարտականություն է»,-հայտարարել է քահանայապետը՝ մարտի 29-ին Վատիկանում հանդես գալով ավանդական համընդհանուր ունկնդրության ժամանակ:
Քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել է իրաքցիների միջկրոնական խմբին՝ նրանց հորդորելով օգնել իրենց հայրենիքին էթնիկական ու կրոնական տարբեր խմբերի հաշտեցման գործում:
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ ինքը հատկապես մտահոգված Է այն իրաքցիների ճակատագրով, որոնք «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների շրջափակման մեջ են հայտնվել Մոսուլի արեւմտյան շրջաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։