«Առանց անվտանգություն չկա առաջընթաց». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ պատվոգրով եւ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով են պարգեւատրվել նաեւ հայկական համայնքի 18 ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով եւ պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:
ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սանկտ Պետերբուրգի հայության դերը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման, հայապահպանության, հայկական մշակույթի պահպանման եւ տարածման գործում: Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի քույրեր եւ եղբայրներ, այս տարի լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարա բերությունների հաստատման 25-ամյակը: Երկու երկրների դաշնակցային հարաբերություններում կարեւոր է Ռուսաստանում ապրող հայերի, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի հայության ներդրումը: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքի կողքին լինելու եւ հայրենիքի խնդիրներով ապրելու համար: Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման գործում կարեւոր է նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցների դերը:
Միայն միասնական, համերաշխ եւ նպատակասլաց գործունեության դեպքում մենք կարող ենք ունենալ մեր երազանքների Հայաստանը: Հայաստան-Սփյուռք-Արցախ ե ռամիասնությունը պետք է լինի մեր հաջողությունների գրավականը: Այսօր մեր հայրենիքը կանգնած է կարեւոր մարտահրավերների եւ ընտրության առջեւ եւ համոզված եմ, որ միայն անվտանգությունն ապահովելով՝ մենք կարող ենք արձանագրել առաջընթաց: Համոզված եմ, որ թե՛ անվտանգության եւ թե՛ առաջընթացի ապահովման հարցում դուք ունենալու եք էական դերակատարում: Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար»:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին: