Բաժիններ՝

Թույլ մարդը չի կարողանում ներողություն խնդրել

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

-Ինչպե՞ս սովորեցնել երեխային ներողամիտ լինել:

-Ներողամտությունը բարության դրսևորման ձև է, գիտակցում, որ մարդիկ կարող են սխալվել, ուստի հարկավոր է հնարավորություն տալ սխալն ուղղել և շարունակել հարաբերությունների կառուցումը: Ներողամտությունը կոնֆլիկտն իմաստուն կերպով լուծելու լավագույն տարբերակներից է: Այսինքն, այս գործում շատ կարևոր գործոն է իրադրության օբյեկտիվ վերլուծությունը. ինչո՞ւ սխալը տեղի ունեցավ, ի՞նչն է դրդել մարդուն այդ քայլը կատարել, արդյո՞ք այս պատմության մեջ ես ունեմ իմ սխալը, ո՞րն է իմ սխալը և ո՞րը՝ դիմացինինը, ի՞նչ արժեք ունի այդ մարդն ինձ համար, արդյո՞ք նա ցանկանում է, որ ես իրեն ներեմ, ի՞նչ արժեք ունեմ ես իր համար, ինչպիսի՞ն պետք է այսուհետև լինեն մեր հարաբերությունները, ես պատրա՞ստ եմ այդ մասին խոսել նրա հետ: Իհարկե, հասուն հոգեբանական տարիքում գտնվող անձը կարող է անել այս վերլուծությունը և իր հետագա գործողությունները կառուցել օբյեկտիվ վերլուծության հիման վրա:
Երեխաների դաստիարակության մեջ ավելի մեծ դեր ունի ծնողների, ընտանիքի այլ անդամների վարքագիծը, քան խոսքը: Եթե երեխան ընտանիքում տեսնում է, որ կոնֆլիկտները չեն բերում հարաբերությունների կտրուկ և տևական վատացման, այլ լուծվում են կոստրուկտիվ ճանապարհով, այսինքն, փնտրվում և գտնվում են կոնֆլիկտի հաղթահարման ելքեր, որ մարդիկ միմյանց ներում են և գտնում խնդրի լուծման տարբերակներ, ապա նա կընդօրինակի այդ վարքագիծը:

-Եթե երեխան մեծանում է մի ընտանիքում, որտեղ ներողություն խնդրելն այնքան էլ ընդունված չէ, ապա ի՞նչ ակնկալել այդ երեխայից:

-Այդ դեպքում երեխան ձեռք չի բերում հարաբերությունների կառուցման ադեկվատ մեխանիզմներ: Նա դառնում է նեղացկոտ, կասկածամիտ, ագրեսիվ, հնարավոր է՝ ստախոս և մեծամիտ՝ մտածելով. ես ներման կարիք չունեմ, ես միշտ ճիշտ եմ, մեղավոր են մյուսները:

-Երբեմն մայրիկներն իրենց զավակներին պատժում են նրանց չգործած սխալների համար՝ ինչ-ինչ պատճառներով: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ պատիժը երեխայի վրա:

-Սա շատ կարևոր հարց է: Ընդհանրապես, և երեխաների դեպքում մասնավորապես, կա ներողություն խնդրելու և ներելու «լուռ» տարբերակ: Դա տեղի է ունենում, երբ մարդը, գիտակցելով իր սխալը, իր արարքով հասկացնում է, որ ներողություն է խնդրում: Սա հնարավորություն է տալիս երեխային հասկանալ և ուղղել սխալը, բայց արժանապատվությունը պահպանել, քանի որ միշտ չէ, որ ծնողները պատժելով երեխային՝ փորձում են նրան հասկացնել, որ արարքն է սխալ, այլ ոչ թե երեխան է վատը: Անհարկի ներողություն խնդրելը կամ պատիժ կրելը կոտրում է երեխայի անձի «ողնաշարը». նա դադարում է հավատալ արդարությանը, ծնողներին, աշխարհին, օտարանում մարդկանցից, դառնում ինքնամփոփ կամ ագրեսիվ, կարող է անգամ հանցածին վարք դևսևորել: Հաճախ ծնողներն իրենց կյանքի տագնապները, լարվածությունը, թուլությունը չեն կարողանում հաղթահարել, և կարծես դրա համար պատժվում է իրենցից առավել թույլը, ով տվյալ պահին չի կարող համարժեք պատասխան տալ: Մենք՝ ծնողներս, սիրում ենք ցույց տալ, որ մենք ավելի խելացի և ուժեղ ենք: Հիշեք, որ կգա օր ու մեր երեխաները մեզ հետ նույն կերպ կվարվեն:

-Ներողամիտ լինելը թերությո՞ւն է:

-Այստեղ կփորձեմ ներմուծել «ակտիվ» և «պասիվ» ներողամտություն հասկացողությունը: Իրականության օբյեկտիվ վերլուծությունն ակտիվ ներողամտության արդյունք է. մարդը գնում է ներողամտության ճանապարհով, հաշվի է առնում թերի և դեմ կողմերը, թե ի՞նչ արդյունք այն կարող է տալ: Այստեղ ներողամտությունը նաև ապահովագրում է անձին ուրիշի ծուղակն ընկնելուց: Չէ՞ որ սխալ գործող մարդը կարող է ունենալ մանիպուլյատիվ, ուրիշին իր շահի համար օգտագործող հատկանիշներ: Մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, ովքեր բարության և ներողամտության պատճառով լուրջ խնդիրներ են ունենում: Սա կանվանեմ «պասիվ» ներողամտություն, որը տարիների ընթացքում կարող է դառնալ մարդու հատկանիշ և լուրջ խնդիրների պատճառ: Խոսքն, իհարկե, առավել մեծ սխալների մասին է, որոնք կարող են քայքայել հարաբերությունները: Իսկ այսպես կոչված մանր սխալները կարելի է անտեսել, ներել, խնդրել, որ դրանք չկրկնվեն:

-Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու պատնեշը՝ կարծելով, թե եթե ներողություն են խնդրում, ուրեմն թույլ մարդ են: Ինչպե՞ս հաղթահարել այդ բարդույթը:

-Իրականում թույլ մարդը չի կարողանում ներողություն խնդրել, որովհետև վիրավորված է մանկուց, իրեն չեն ներել:

-Ինչպե՞ս կարելի է ներել նախնիներիդ սպանող, քեզ ցեղասպանող ազգին: Ուղղակի թշնամու մասին չենք խոսում, այլ դաժան ոսոխի, որի առաջնորդներն այժմ էլ բարյացկամ չեն տրամադրված մեր հանդեպ:
Սա շատ լուրջ հարց է: Ես կցանկանամ, որպեսզի դպրոցում մեր երեխաներին սովորեցնեն դառնալ «ակտիվ» ներողամիտ: Ժողովուրդն այսպիսի խոսք ունի. «Երկու անգամ խաբողը երրորդ անգամ էլ կխաբի»: Սա պետք է հիշել միշտ, անգամ լավ հարաբերություններ ունենալիս, պետք է լինել պաշտպանված ստրատեգիաներով: Վաղուց անցել է սգալով հարց լուծելու ժամանակը, մեր երեխաներին ստրատեգներ մեծացնենք, այլ ոչ ողբացողներ: Այս դեպքում երբեք չենք ցեղասպանվի:

-Ե՞րբ ներողություն խնդրել չի կարելի:

Երբ չես արել այն, ինչում մեղադրում են:

Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս