
Փեսա ու աներ վիճել են, պատահական անցորդները փորձել են հանդարտեցնել, սակայն, իրենք են դանակահարվել

Հունիսի 28-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ականատեսները պատմել են հետեւյալը. «Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են աներոջ տանը ընտանեկան հարցի շուրջ, ապա շարունակել վիճաբանությունը Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։
Ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։
Քննիչը հեռախոսն ու դանակը առգրավել է։