Տուսկն ու Յունկերը դատապարտել են Թուրքիայի հայտարարությունները
Թուրքիայի կողմից Նիդերլանդներին ֆաշիզմի մեջ մեղադրելու փորձերը «բացարձակապես կտրված են իրականությունից։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Ռոտերդամը` Էրազմի (Էրազմ Ռոտերդամցի՝ նիդեռլանդական հումանիստական գրականության ամենաականավոր դեմքըխմբ.) քաղաքը, որն ամբողջությամբ ոչնչացվել էր նացիստների կողմից, այժմ ունի մարոկկացի քաղաքապետ: Եթե որևէ մեկը Ռոտերդամում ֆաշիզմ է տեսնում, նրանք ամբողջությամբ կտրված են իրականությունից»,-ասել է Տուսկը Եվրոպական խորհրդի լիագումար նիստում:
Տուսկին իր աջակցությունն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ով նշել է, որ թուրքական կողմը նման հայտարարություններով հեռու է գնում Եվրամիությանն անդամակցությունից:
Գերմանիայի, Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ այդ երկրներն արգելել են թուրք քաղաքական գործիչներին և մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ իր տարածքում:
Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չեն թույլատրել վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:
Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար:
Թուրքիայի նախագահ Էրդողանը և մյուս պաշտոնատար անձինք մեղադրել են Գերմանիային ու Նիդերլանդներին ֆաշիստական գործելաոճի մեջ: