«Եվրասիական ինտեգրացիան դեռևս ընթացքի մեջ է, խնդիրները շատ-շատ են». Բելառուսցի վերլուծաբան
«ԵՏՄ խնդիրները հանրային քննարկումների օրակարգ պետք է դուրս բերել»,- «Փոխգործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» թեմայով
Երևան-Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Մինսկի Աշխատանքային և սոցիալական հարաբերությունների միջազգային ինստիտուտի միջազգային համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ Վյաչեսլավ Յարոշևիչը՝ ներկայացնելով եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ Բելառուսի մտահոգությունները։
Խոսելով Բիշքեկում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հավաքի արդյունքներից՝ բելառուսցի վերլուծաբանն ասաց, որ Բիշքեկի հանդիպման արդյունքներն օդից կախված են, չնայած հայտարարվում է, որ եվրասիական ինտեգրացիան կայացել է։
Ըստ նրա՝ ներկայումս ակնհայտ է, որ եվրասիական ինտեգրացիան դեռևս ընթացքի մեջ է։ Ուստի, Յարոշևիչի համոզմամբ՝ գնահատելի է, երբ անդամ երկրների ներկայացուցիչներն այս իրավիճակում խնդիրները դուրս են բերում հանրային քննարկումների մակարդակ՝ առաջարկելով նաև լուծումներ, ինչը, նրա գնահատմամբ՝ Բելառուսի իշխանություններն են անում։
«Բելառուսի խնդիրն այն է, որ ԵՏՄ անդամ այն միակ երկիրն է, որը պահպանում է տնտեսության շատ վառ արտահայտված արդյունաբերական բնույթը, այսինքն՝ մեր տնտեսության հիմքում նախկինի նման արտադրությունն է, գյուղատնտեսությունը, ուստի ինտեգրացիայի վերաբերյալ մեր անհանգստություններն առավելապես ուղղված են այս ոլորտներին և գուցե տարբերվում են Բելառուսի եվրասիական գործընկերների շահերից և հետաքրքրություններից։ Բելառուսը հետաքրքրված է ինչ-ինչ արտոնություններով էներգակիրների վաճառքի հարցում, բայց դա բնական շահ է՝ հաշվի առնելով աշխարհում ինտեգրացիոն միավորումների տրամաբանությունը։ Կցանկանայի հիշեցնել իմ գործընկերներին, որ եվրոպական ինտեգրացիան սկսվել է Ֆրանսիայի և Գերմանիայի մերձեցման արդյունքում, և դա տեղի է ունեցել շատ կոնկրետ ոլորտում, որը վերաբերում էր պողպատի և ածուխի արտադրությանը։
Մենք ցանկանում ենք ընկալելի դարձնել, որ ամեն ինչում պետք է տրամաբանություն լինի, և այդ տրամաբանության շրջանակում պետք է աշխատանք տանել դետալների շուրջ։
Չի կարելի շենք կառուցել առանց ամուր հիմքի, հատկապես ընդհանուր էներգետիկ շուկայում, այս տեսանկյունից պետք է հիշեցնել, որ, երբ տեղի ունեցան բիշքեկյան քննարկումներն էներգակիրների, մասնավորապես՝ գազի գների վերաբերյալ, ապա պարզ դարձավ, որ այն գինը, որը նախատեսել է «Գազպրոմը», Բելառուսի համար այս տարի 99,9 դոլար է, որից միայն 40 դոլարն է գազի մաքուր գինը, իսկ 100 դոլարով գազ կարելի է ձեռք բերել հեղուկի տեսքով աշխարհի ցանկացած կետից։
Ուստի այն հարցերը, որոնք Բելառուսն է բարձրացնում, լիովին հասկանալի են, Բելառուսը դրանք վեր է հանում, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի դժվարին կացության մեջ է հայտնվել Բելառուսի տնտեսությունը, ինչպես նաև՝ ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունները։ Ես լսել եմ, որ Ռուսաստանը քիչ թե շատ դուրս է գալիս ճգնաժամից, իսկ Բելառուսում ռեցեսիան շարունակվում է։
Այո, մեր տնտեսական մոդելը թանկ է, բայց ամեն դեպքում մենք ինտեգրացիայի ամենաշահագրգիռ անդամներից ենք, կարծում եմ, որ մեզ մեղադրելը, թե փորձում ենք մեր սեփական խնդիրները լուծել ինտեգրացիոն մեր գործընկերների հաշվին, տեղին չէ, մենք փորձում ենք, հարցեր ենք բարձրացնում հանուն ընդհանուր շահերի, փորձում ենք վերացնել սահմանափակումներ, որոնց թիվը ոչ երկուսն է, ոչ չորսը և ոչ էլ տասը։
Որոշ գնահատականների համաձայն, կա ավելի քան 200 սահմանափակում, արգելանք։ Ստացվում է, որ դրանց թիվը նաև արագորեն չի կրճատվում, գուցե մի քանի տարի առաջ, այո, ԵՏՄ ձևավորման պահին դրանք 600-ն էին, հիմա՝ ավելի պակաս, բայց նույնիսկ այն աշխատանքը, որը ԵՏՀ-ն է իրականացնում համակարգման ուղղությամբ, խոսում է այն մասին, որ խնդիրները շատ-շատ են, հաճախ ստացվում է, որ այդ «ծառերի ետևում անտառը չի երևում», այսինքն՝ չեն երևում ընդհանուր շահերը, իսկ շահերը որո՞նք են՝ առևտրի կազմակերպում, դա գլխավոր խնդիրն է, պետք չէ դա երկրորդ, երրորդ պլան մղել, յուրաքանչյուր տնտեսական ինտեգրացիա կառուցված է, առաջին հերթին, ամուր փոխադարձ առևտրի վրա։
Մեր դեպքում, ցավոք սրտի, դա չկա, մեր դեպքում ստացվում է այնպես, որ ԵՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի չափաբաժինը ծայրաստիճան ցածր է, գուցե այն աճում է շատ փոքր տոկոսներով այն դեպքում, երբ Եվրոպայում կամ այլ ինտեգրացիոն կառույցներն իրենց պատմությունն այլ մակարդակից են սկսել, ուստի նրանց ինտեգրացիան, չնայած առկա բոլոր խնդիրներին, կայուն է մնացել և դիմակայել խնդիրներին»,- նման տեսակետ հայտնեց Յարոշևիչը։