Հայաստան. Անկախություն՝ առանց ռազմավարական տեսլականի

Ապրիլի սկզբին Հայաստանում կանցկացվեն առաջին համապետական ընտրությունները՝ Սահմանադրական փոփոխություններից, և այդպիսով՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո: Դրա հետ կապված՝ տարբեր քաղաքական ուժեր ակտիվորեն հանրությանն են ներկայացնում իրենց քաղաքական և տնտեսական ծրագրերը:

Ընդհանուր առմամբ, հայ հասարակությունը մեծ անվստահություն է ցուցաբերում ինչպես՝ գործող իշխանությունների, այնպես էլ՝ ընդդիմության նկատմամբ: Դա պայմանավորված է ներքին պրոգրեսի բացակայությամբ և արտաքին քաղաքական բազմաթիվ ձախողումներով: Վերջին մի քանի տարիներին երկրում կատարվել են իրադարձություններ («Էլեկտրիկ-Երևան», քառօրյա պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում), որոնք դարձան ներքին քաղաքական խորը ճգնաժամի և էլիտայի ու հասարակության տարանջատման ինդիկատորներ: Հայաստանի կոնկրետ խնդիրները վաղուց են հայտնի. ինտենսիվ արտագաղթ, գործազրկություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, բարձր սակագներ, և այլն: Հասկանալի են նաև ներքաղաքական ձախողումների պատճառները. քաղաքական կամքի և հետևողականության բացակայություն, համապատասխան պետական ինստիտուտների և այլ կառույցների  ցածր էֆեկտիվությամբ աշխատանք: Այս բոլոր խնդիրները, մեծ հաշվով, համարվում են պետական ռազմավարության զարգացման և խնդիրների լուծման համազգային տեսլականի բացակայության հետևանք:

«Անկախության և կախվածության» խնդիր. Միջազգային հարաբերությունների պատմության վերջին երեք հարյուր տարիներն անցել են աշխարհի տարբեր անկյուններում իրենց ազդեցությունը տարածելու՝ գերտերությունների պայքարի շրջանակում: Գերտերությունների մրցակցության շրջանակներում հիմնական օբյեկտները փոքր պետություններն ու ժողովուրդներն են, որոնք չեն կարողացել իրենց թույլ տալ անկախության ճոխությունն ու դրա համար միշտ գտնվել են կայսրությունների և գերտերությունների ազդեցության գոտում:

Պատմությունը ցույց է տալիս, որ փոքր ժողովուրդները, հայտնվելով մեծ պետությունների հետաքրքրությունների և քաղաքական ամբիցիաների տիրույթում, բազմիցս հայտնվել են ամբողջական ոչնչացման վտանգի տակ: Բրիտանացիների կողմից Իռլանդիան գաղութացնելու հետևանքը եղավ «մեծ սովը», որի արդյունքում մահացավ 1 միլիոնից ավելի մարդ: Հակասությունները Եվրոպայում հանգեցրին երկու համաշխարհային պատերազմների, որոնց մեկնարկին կատարվել են ցեղասպանության ակտեր, նախ՝ Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում՝ հայ ժողովրդի նկատմամբ, ապա՝ Նացիստական Գերմանիայի կողմից՝ հրեաների նկատմամբ:

Քաղաքական ռեալիզմի տեսությունն ասում է, որ անկախ կարող է լինել միայն այն փոքր պետությունը, որի կարծիքի հետ հաշվի են նստում աշխարհի առաջատար երկրների առաջնորդները: Երկու համաշխարհային պատերազմներից, ԽՍՀՄ-ի անկումից և ապագաղութացումից հետո առաջացան շատ փոքր պետություններ, որոնք տարբեր ձևերով տեղավորվեցին միջազգային հարաբերությունների համակարգում: Այդ երկրների մի մասը, օրինակ՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, մտան ԵՄ և ռազմաքաղաքական դաշինք ՆԱՏՕ՝ ստանալով Միացյալ Նահանգների հովանավորությունը: Այդ ազգերի առաջնորդները միանգամայն գիտակից որոշում կայացրին՝ տալ իրենց ինքնավարությունը՝ վերազգային մակարդակով: Նրանք շատ լավ գիտակցում էին սեփական քաղաքական գործիքների կառուցման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայության փաստը, որոնք թույլ չէին տա  բալանսավորել տարբեր կենտրոնական ուժերի միջև՝ առանց ճակատագրական քաղաքակրթական և ռազմաքաղաքական ընտրություն անելու:

Մյուս պոստսովետական երկրները՝ Տաջիկստանը, Ղրղըզստանը, Բելառուսը, ընտրեցին Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման ճանապարհը: Այսպես թե այնպես, ռեսուրսներ չունեցող փոքր պետությունները ստիպած են ընտրություն կատարել: Կառուցելով երկարաժամկետ զարգացման ռազմավարություն, այդպիսի երկրների առաջնորդներն իրենց ազգի առաջ դնում են միայն մեկ սկզբունքային հարց. «Ո՞ւմ հետ ենք մենք»: Սեփական պատմությունների դասեր քաղած և աշխարհաքաղաքական թրենդներն ու տենդենցներն ուշադիր ուսումնասիրած ազգերը, գիտակցում են իրենց ինքնության ամրապնդման անհրաժեշտությունն ու սեփական հետաքրքրությունների լոբբինգը՝ տարբեր մեթոդներով ու միջոցներով:

Վերազգային քաղաքական ազգը՝ փոքր ժողովուրդների ռեսուրս. Շատ փորձագետներ հաճախ սխալ համեմատության նշան են դնում այնպիսի հասկացությունների միջև, ինչպիսիք են Սփյուռքն ու վերազգային քաղաքական ազգը: Գիտական աշխարհում գոյություն ունեն հազարավոր կարծիքներ, թե ինչ է Սփյուռքը և ինչով է տարբերվում հասարակությունից և լոբբինգից: Ընդհանուր առմամբ, Սփյուռքն ընդհանուր ազգային, կրոնական և մշակութային ավանդույթներով միավորված մարդկանց խումբ է: Ինչպես ակնհայտ է այս մոտեցումից՝ պարտադիր չէ, որ Սփյուռքը ներառի կոնկրետ էթնիկ խմբերի ներկայացուցիչների: Այսօր ակտիվ գործում են կրոնական և աշխարհագրական տիպի Սփյուռքները: Օրինակ՝ իտալացիները, կուբայացիները կարող են միաժամանակ լինել կաթոլիկ Սփյուռքի մաս, իսկ բուլղարացիները, հույներն ու ռումինացիները՝ ինչպես՝ ուղղափառ, այնպես էլ՝ բալկանյան Սփյուռքի մաս:

Հասարակությունը միավորում է միևնույն էթնիկ ծագում ունեցող մարդկանց՝ անկախ նրանց ապրելու վայրից և կրոնական պատկանելությունից: Այսպես, ամերիկյան ֆրանսիացի-բողոքականը, որը մեծացել է Տեխասում, և ֆրանսիացի-կաթոլիկը, որը տեղափոխվել է Լիոնից, համարվում են ԱՄՆ-ում ֆրանսիական հասարակության անքակտելի մաս: Իր հերթին՝ վերազգային քաղաքական ազգը միավորում է հիմնականում կոնկրետ էթնիկ խումբ-հասարակության միայն ակտիվ մասին: ՏՊՆ-ն միշտ սերտ կապերի մեջ է իր ծագման երկրի հետ և հետաքրքրված է, առաջին հերթին, դրա շահերի պաշտպանությամբ:

Վստահ կարելի է ասել, որ այսօր կան պետություններ՝ առանց բնական ռեսուրսների և շահեկան աշխարհագրական դիրքի, բայց որոնց շահերի հետ մեծ պետությունները ստիպված են լինում հաշվի նստել: Այդ երկրների առաջնորդները հասկացել են, որ ուժեղ ազգ կարելի է ստեղծել՝ առանց նավթի, գազի, ոսկու և այլ դասական բնական ռեսուրսների ու հարստությունների: Հենց իռլանդացիներն ու իսրայելցիներն են առաջինը գիտակցել, որ իրենց ռազմավարական հարստությունն ու գլխավոր ռեսուրսը մարդն է: Իռլանդիայի և Իսրայելի նման երկրները տասնամյակի ընթացքում ակտիվորեն հավաքել են իրենց միլիոնանոց Սփյուռքի պոտենցիալն ամբողջ աշխարհից՝ կազմավորելով մեկ վերազգային քաղաքական ազգ:

Ստեղծելով գլոբալ լոբբիստական կառույցների ցանց՝ Իռլանդիան և Իսրայելը ստացել են ոչ միայն ազդեցության գործող գործիք, այլ նաև իրենց պատվավոր տեղը միջազգային հարաբերությունների համակարգում: Սփյուռքյան ռեսուրս ունեցող շատ երկրներ փորձում են դասեր քաղել իրենց փորձից՝ սեփական ազդեցության լծակներ ստեղծելու համար: Այդ ուղղությամբ մեծ հաջողության է հասել Լեհաստանը: Պետք է ընդգծել, որ ճիշտ մտածված ռազմավարությունն օգնում է ոչ միայն պահպանել քո անկախությունը, այլ նաև հանդես գալ՝ որպես ամբողջ ազգերի ու երկրների լոբբիստ: Այսպես, օրինակ՝ Իռլանդիան ակտիվորեն առաջ է մղում շատ կաթոլիկ երկրների հետաքրքրություններն Ամերիկայում, Իսրայելն աջակցում է պրոթուրքական և պրոադրբեջանական նախաձեռնություններին, իսկ Լեհաստանը վերջին ժամանակներում դարձել է Ուկրաինայի և Մերձբալթյան երկրների հետաքրքրությունների գլխավոր լոբբիստը: Այսպիսով, նման տիպի պետությունների առաջնորդները «Ո՞ւմ հետ ենք» հարցի փոխարեն՝ տալիս են «Ո՞վ է մեզ հետ» հարցը:

Հայաստանի բաց թողած շանսը. Անկախություն ձեռք բերելու պահից Հայաստանը պատմական շանս ստացավ՝ ստեղծել վերազգային քաղաքական ազգ: 1989-2003թթ. հայ հասարակության լայն մասսաներն ամբողջ աշխարհում մեծ հույսեր էին կապում իրենց պատմական հայրենիքի հետ: Ավելին, ամբողջ աշխարհի հայերը ոգեշնչված էին Արցախի ազգային-ազատագրական պայքարի հաղթանակով, և կար լոբբիստական խմբերի աննախադեպ հաջողությունն ամբողջ աշխարհում Հայաստանին օժանդակելու հարցում: Ընդգծենք, որ այդ կարճ ժամանակահատվածում հայկական էլիտան վարում էր անկախ քաղաքականություն՝ հարցնելով՝ «Ո՞վ է մեզ հետ», և ընդունելով կարևոր որոշումներ՝ ամբողջ աշխարհի տարբեր պետություններից պատասխաններ ստանալով: Խնդիրն այն էր, որ այդ հարցը գիտակցված չէր դրվել, և այն դարձավ հայկական աշխարհի հզորագույն մոբիլիզացման արդյունք, որի վրա փորձում էին խաղադրույք կատարել շատ գերտերություններ: Հենց այդ պատճառով չհաջողվեց պահպանել այդ մոբիլիզացված պոտենցիալը և այն ուղղել վերազգային քաղաքական ազգ կազմավորելուն:

Այդ պատճառով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանի կոմպլեմենտար քաղաքականությունը դատապարտված էր ձախողման: Երևանում սխալմամբ ենթադրում էին, որ ավանդական սփյուռքյան ուժերի հետ համագործակցությունը կօգնի բալանսավորել Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Սակայն այդ պահին, ինչպես և հիմա, Հայաստանում ոչ մի պատկերացում չունեին այն մասին, թե ինչ է Սփյուռքը: Արդյո՞ք կարելի է ասել, որ առանձին կազմակերպությունները ներկայացնում են լայն հասարակությունների հետաքրքրությունները: Դժվար թե: Սովորաբար այդ կազմակերպությունները լուծել և շարունակում են լուծել նեղ առաջադրանքներ, որոնք քիչ են հետաքրքրում Սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասին: Ուրեմն՝ իմաստ ունե՞ր խաղադրույք կատարել նեղ էլիտայի վրա, որոնք փաստացի ի վիճակի չեն մոբիլիզացնել Սփյուռքի մարդկային կապիտալը: Անխոս՝ ոչ: Հենց Հայաստանը պետք է ձևավորեր անհրաժեշտ ռազմավարություն՝ վերազգային քաղաքական ազգ ստեղծելու համար, և տալ ուղենիշներ, որոնք թույլ կտային ձևավորել գլոբալ հայկական արիստոկրատիա:

Զարմանալի չէ, որ կոմպլեմենտար քաղաքականության ձախողումից հետո նոր իշխանությունները ստիպված էին ընտրություն կատարել: Սուբյեկտիվ (անվտանգություն) և օբյեկտիվ (ներքաղաքական ազդեցության մոնոպոլիզացում՝ մեկ ուժի կողմից) պատճառներով՝ Հայաստանն արդեն չուներ մանևրելու հնաարավորություն: Այսօր երկիրը գտնվում է բարդ իրավիճակում, երբ յուրաքանչյուր սխալ հաշվարկ և սխալ կարող են բերել անկանխատեսելի հետևանքների: Առաջինը, որ անհրաժեշտ է անել՝ հասկանալ, ինչ ենք մենք ցանկանում, և որտեղ ենք մեզ տեսնում՝  միջազգային հարաբերությունների համակարգում: Ունե՞նք մենք արդյոք ռազմավարական տեսլականն այն բանի, թե ինչպե՞ս ենք լուծելու, օրինակ՝ թուրքական կամ ադրբեջանական խնդիրը:

Հասկանո՞ւմ ենք արդյոք, թե ինչ աղետալի հետևանքների կբերի բնակչության նման արտահոսքը՝ արդեն կարճաժամկետ կտրվածքում: Սփյուռքի ինչպիսի՞ մոդել ենք ցանկանում տեսնել, և ընդհանրապես պե՞տք է այն մեզ, թե՞ ոչ: Վերջ ի վերջո, գիտակցո՞ւմ ենք արդյոք մենք, թե որտեղ է սկսվում մեր անկախությունն ու որտեղ ավարտվում: Պե՞տք է ունենանք անկախություն, և անհրաժե՞շտ է այն մեզ: Հայաստանի քաղաքացիները, երկրի քաղաքական էլիտան, Սփյուռքի արիստոկրատիան և արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայ պետք է հասկանան, որ այս հարցերի պատասխաններից  և ընդհանուր ռազմավարական տեսլականից կախված է ոչ միայն՝ մեր ներկան, այլ նաև՝ մեր ապագան:

ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆ

Գիտությունների թեկնածու, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Հեղինակի հրապարակումներին հետևեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս