«Մեր դեպքում այդ թիվը հիմքեր ունի». Միքայել Մելքումյանը՝ Gallup-ի հարցման արդյունքների մասին
«Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը գտնում է, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքներն իրենց մասով մոտ են իրականությանը։ Հարցման տվյալներով՝ հիշեցնենք, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, «Ծառուկյան» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 26.4 %-ը, որն ամենաբարձր ցուցանիշն է եղել։ Դրան հաջորդել է «ՀՀԿ»-ն՝ 22.8 %, «Ելք»-ը՝ 4.3 %, «ՀՅԴ»-ն՝ 3.9 %, «Ազատ դեմոկրատները»՝ 3.4 %, «Հայկական վերածնունդը»՝ 2.7 %, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 2.6 %, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 1.8 %, «Կոմունիստական կուսակցությունը»՝ 1%։
«Հավաստիությունը մեր մասով, կարծում եմ, նորմալ է»,- ասաց Մելքումյանը՝ կարևորելով չկողմնորոշվածների ցուցանիշը։
Դիտարկմանը, որ հարցմանը մասնակցած 1146 քաղաքացուց 14.1 %-ը հրաժարվել է պատասխանել, Մ. Մելքումյանը նշեց, որ այդ թիվը կարող է ազդել ընդհանուր հարցման արդյունքների վրա, և դրանք հիմնավորված կլինեն միայն չկողմնորոշվածերի թիվն իմանալու դեպքում։
Ըստ նրա՝ քարոզարշավի ընթացքում կարող է 10 օր հետո այլ արդյունքներ գրանցվեն. «Մեր դեպքում այդ թիվը հիմքեր ունի, ես դրանք տեսնում եմ։ Մյուսների մասով՝ քննարկման առարկա է՝ ելնելով չկողմնորոշվածների թվից»։