«Գալիք կես տարվա ընթացքում կմոտենանք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը». Ֆրանկ Էնգել

Փետրվարի 27-ին Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեցին ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացի ավարտի մասին, որին պետք է հաջորդի ՀՀ-ԵՄ արդեն իսկ մշակված շրջանակային համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ «168 Ժամը» թեմայի շուրջ զրուցեց Եվրոպական խորհրդարանի` Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր, Արցախում անցկացված հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման արժանացած Ֆրանկ Էնգելի հետ։

Պարոն Էնգել, օրերս Հայաստանն ու Եվրոպական միությունն ավարտեցին շուրջ մեկ տարի շարունակվող բանակցային գործընթացը նոր շրջանակային համաձայնագիր ձևավորելու շուրջ։ Այսօր, ըստ Ձեզ, հաղթահարվե՞լ է արդյոք 2013թ. սեպտեմբերի 3-ի առաջ բերած ճգնաժամը ՀՀ-ԵՄ հարաբերություններում, վերականգնվե՞լ է ԵՄ-ի վստահությունը հայկական կողմի նկատմամբ։

– Կարծում եմ` այդ ճգնաժամն ընդհանուր առմամբ ավարտված է, կողմերին հաջողվել է վերականգնել վստահությունը` կրկին առաջ շարժվելու նպատակով։ Դա է ներկայումս տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ մենք չէինք ունենա բանակցված նոր փաստաթուղթ, բանակցությունների ավարտ, եթե վստահություն կողմերի միջև չլիներ։ Համոզված եմ, որ վստահությունն առկա է, և ներկայումս մենք ցանկանում ենք առաջ շարժվել միասին` այն մաքսիմումին հասնելու համար, որը հնարավոր է։ Իհարկե, սա այն փաստաթուղթը չէ, որը կարող էր լինել, եթե Հայաստանը միացած չլիներ Եվրասիական տնտեսական միությանը, բայց դա այսօր փաստ է, ԵՄ-ն հաշվի է առնում այդ անդամակցությունը, և ես լիահույս եմ, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանալու։

Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրն ունի քաղաքական և մի փոքր տնտեսական բաղադրիչ։ Հետաքրքիր է, Ձեր կարծիքով` Հայաստանը որքանո՞վ կկարողանա իրականացնել համաձայնագրով նախատեսվող բարեփոխումների փաթեթը` հաշվի առնելով ԵՄ և ԵՏՄ արժեքային համակարգերի անհամատեղելիությունը։

– Սա հենց Հայաստանի Հանրապետության որոշումն է եղել, ավելին, հենց Հայաստանը պետք է որոշի իր տնտեսական կառուցվածքին վերաբերող հարցերը։ Ամեն դեպքում, դուք գուցե չիմանաք, բայց ես մշտապես կասկածանքով եմ վերաբերվել Հայաստանում ընդհանրացված ռուսական տնտեսական հանձնառությանը, ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ սա այն մոտեցումը չէ, ինչ Հայաստանը պետք է ունենա։ Բայց միևնույն ժամանակ` պետք է հասկանալ, որ այս դաշտում Ռուսաստանն ուժեղ խաղացող է։ Ներկայումս կարևորն այն է, որ մենք վերցնում ենք այն գործիքները, որոնք հասանելի են, և որոնք կարող ենք լավագույնս կիրառել։ Տնտեսության որոշ ոլորտներում, տրամաբանական է թվում, որ ԵՏՄ-ն երևի թե համակարգայնորեն ավելի մոտ է նրան, ինչ Հայաստանը կարող է տրամադրել, իսկ մյուս բոլոր հատվածներում մենք պետք է փորձենք եվրոպական միտումները ներմուծել։ Այսինքն` պետք է օգտվել հնարավորություններից, սա երկու կողմի համար էլ շահավետ կլինի։

Հայաստանում մտավախություններ կան, որ գուցե այս անգամ ևս համաձայնագրի ստորագրումը հայտնվի սպառնալիքի տակ, ինչպես 2013թ.։ Դուք ի՞նչ եք կարծում այս վտանգների մասին։

– Չեմ կարծում, թե վտանգներ կան։ Առաջին հերթին` Հայաստանն այսօր ԵՏՄ անդամ է, ռուսական ռազմական բազաները, որոնք շահավետ են Ռուսաստանի համար, անվտանգային ներկայություն ունեն Հայաստանում։ Մենք` որպես ԵՄ, սկսել ենք բանակցությունները` հասկանալով, որ սա է Ռուսաստանի դիրքորոշումը, Ռուսաստանը ևս տեղյակ է եղել բանակցությունների ընթացքի մասին։ Ես չեմ ակնկալում Ռուսաստանի կողմից միջամտություն, քանի որ չեմ կարծում, որ կան դրույթներ, որոնք անընդունելի են որևէ կողմի համար։ Ես նաև Ռուսաստանի հետաքրքրությունը չեմ տեսնում, քանի որ Հայաստանը ևս պետք է կառուցվածքային կապեր խորացնի Եվրոպական Միության հետ, դա մի բան է, որը սպառնալիք չի հանդիսանում Ռուսաստանի համար։

Սարգսյան-Տուսկ ասուլիսից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ կողմերը գուցե համաձայնագիրը ստորագրեն մայիս ամսին։ Ըստ Ձեզ` ե՞րբ ԵՄ-ն պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը, քանի որ տեսնում ենք, որ հայկական կողմը շահագրգռվածություն է ցուցաբերում` ստորագրել համաձայնագիրը կարճաժամկետ ապագայում։

– Ես այս հարցի շուրջ տեղին մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ, նախ` համաձայնագրի տեքստն իրավաբանական հասկանալի լեզվով պետք է հասանելի լինի բոլոր անհրաժեշտ լեզուներով, դա նշանակում է, որ տեխնիկական աշխատանքը որոշ ժամանակ կպահանջի։ Ես կարծում եմ, որ երկու կողմն էլ մտադիր են առաջ շարժվել արագ, քանի որ իմաստ չունի այս համաձայնագիրը թողնել տարիներով անավարտ տեսքով։ Ես հասկանում եմ, որ հաջորդ կես տարվա ընթացքում մենք կմոտենանք ստորագրմանը։

Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի դեմ և Ձեր անվտանգության ապահովման համար, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Ձեր նկատմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց այդ որոշումը։

– Այդ որոշումը ծիծաղելի է, այդ որոշումն ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջան պետության բնույթին, Ադրբեջանը դիկտատուրա է, որը գործում է մեկ ընտանիքի ցանկություններով և կամքով։ Այս որոշումը նաև նշանակում է, որ նրանք ամբողջությամբ անարգում են բոլոր միջազգային իրավական չափանիշերը` շարունակելով խորացնել Արցախի մեկուսացումը։ Մենք մեր բոլոր նախորդ և գալիք այցերի ընթացքում առաջնորդվել և առաջնորդվելու ենք Եվրոպական խորհրդարանի քվեարկված բանաձևերով, որոնք պահանջում են ԵՄ ներկայացուցիչների մուտք Արցախ, մենք կշարունակենք դա անել։ Ի հակառակ Ադրբեջանի` մենք հիմա տարբերակներ ենք մտածում` ինչպես պատասխանել, մենք չենք շտապում, բայց երբ ժամանակը գա, նրանք պետք է պատրաստ լինեն բավականին կոշտ արձագանքի։

Տեսանյութեր

Լրահոս