«Դժբախտաբար, Ղարաբաղյան պատերազմն անխուսափելի է թվում». Լիլիթ Գևորգյան
«Ադրբեջանը մոտ ժամանակներում կփորձի ձեռնարկել ևս մեկ լայնածավալ, բայց կարճաժամկետ հարձակում`այս անգամ արդեն օգտագործելով ապրիլյան պատերազմից առած դասերը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և շփման գծում վերջին օրերին ծավալվող իրադարձությունների պատճառներին, սպասվող զարգացումներին։
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական կողմը հարձակման ևս մեկ փորձ նախաձեռնեց։ Ղարաբաղի Պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ հայկական կողմը չունի զոհեր, իսկ ադրբեջանական զանազան աղբյուրները հայտնում են մի քանի տասնյակ զոհերի մասին:
Լիլիթ Գևորգյանը նախ ֆիքսեց, որ բանակցություններ, ըստ էության, չկան: Ըստ նրա՝ միակ էական քննարկումը, որ բանակցությունների ընթացքում եղավ վերջին 12 ամսում, դա Արևմուտքի կողմից առաջարկված` անվտանգության մեխանիզմների ներդրման հարցն էր, ինչն Ադրբեջանը և Ռուսաստանը հաջողությամբ մեռցրին: «Սա հող ստեղծեց նոր պատերազմի համար: Ադրբեջանը պատրասվեց հարձակման: Թե ԼՂ, և թե ՀՀ սահմանների միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն հետազուզական-նախապատրաստական աշխատանքներ է տանում»,- ասաց Լիլիթ Գևորգյանը:
Նա նշեց, որ, դժբախտաբար, պատերազմն անխուսափելի է թվում: «Հիմա Ադրբեջանի գերխնդիրը շատ ավելի մեծ տարածքներ գրավելն է, առավել հավանականությամբ՝ շփման գծի հարավ-արևելքում: Չնայած ադրբեջանական ռազմական մարտավարությունը, հնարավոր է՝ նաև մի շարք անակնկալներ մատուցի ՀՀ և ԼՂ կողմերին»,- նշեց բրիտանական կենտրոնի վերլուծաբանը։
Նրա գնահատմամբ՝ Բաքվի հյուծման պատերազմը Հայաստանի դեմ արդյունավետ է: Ավելին, նրա որակմամբ՝ հայկական կողմի պաշտպանական տակտիկան և արտաքին քաղաքականությունը բացարձակապես անզոր են եղել վերջին մեկ տարում ստիպելու Ալիևին դադարեցնել հյուծման պատերազմը: «Սա չհայտարարված պատերազմի տեսակ է, որի պայմաններում սահմանները մշտական հարձակման տակ են, և ինչն ուղեկցվում է մարդկային զոհերով: Ժամանակ առ ժամանակ ձեռնակվում է նաև առավել լայնածավալ հարձակում, ինչպես, օրինակ, 2016-ի ապրիլին, տարածքներ ձեռք բերելու համար: Այսպես կոչված՝ «սողացող» առաջխաղացումներով Ադրբեջանը նոր իրողություն է ստեղծում կոնֆլիկտի գոտում` ՀՀ-ին պարտադրելով հակամարտության իր համար ցանկալի լուծումը»,- ասաց Լիլիթ Գևորգյանը։
Հարցին, թե այս ամենի վերջնանպատակը կարո՞ղ է նոր երկարատև պատերազմը լինել, հաշվի առնելով անցնող երկու տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսական անկումն ու մանաթի արժեզրկումը, Լիլիթ Գևորգյանը պատասխանեց՝ նշելով, որ հաջող պատերազմով Ալիևը մի քանի նպատակների կարող է հասնել:
Առաջինը, ըստ նրա, նախ՝ ադրբեջանցիների դժգոհությունը բարձր գների և պակասած եկամտի պատճառով, կնվազի: «Սա փորձված մեթոդ է, օրինակ, մանաթի «ազատ լողացող» ռեժիմին անցնելուց գրեթե անմիջապես հետո 2016-ի հունվարին Ադրբեջանի տարբեր շրջաններում սկսվեցին, այսպես կոչված, «հացի ցույցերը»` գների աճի դեմ: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ալիևի վարկանիշը կտրուկ բարձրացավ»,- ասաց նա։
Երկրորդը, նրա խոսքով՝ վերջին սահմանադրական փոփոխություններով Ալիևը կոնկրետ քայլեր է ձեռնարկում երկրի իշխանությունը բացառապես իր ընտանիքի անդամների ձեռքում պահելու համար: Լիլիթ Գևորգյանի համոզմամբ՝ հաջող պատերազմն Ալիևին կտա անհրաժեշտ հասարակական աջակցությունը` հնարավոր պալատական հեղաշրջումները կանխելու համար:
«Եվ վերջապես, ապրիլյան վերջին պատերազմը բացահայտեց հայկական կողմի մի շարք, թերևս, լավ և երկար տարիներ թաքցրած թուլությունները, հատկապես՝ հայ- ռուսական ռազմական և դիվանագիտական կապերի որակը:
Գրեթե մեկ տարի, ապրիլից ի վեր, ակնհայտ է, որ հայկական կողմի մոտ լուրջ փոփոխություններ չեն եղել թե՛ ռազմական, թե՛ արտաքին ազդեցության առումով, որոնք կստիպեին Ադրբեջանին վերանայել իր ռազմական պլանները:
Ավելին՝ ՀՀ ներքաղաքական վիճակը, վերջին կադրային փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ արտաքին ռազմական քաղաքականությունը ոչ մի կերպ չեն զսպել Ադրբեջանին: Բաքուն շատ ավելի բացահայտ ռազմատենչ դիրք է գրավել, ինչը ենթադրում է, որ ՀՀ հետապրիլյան ջանքերը, օրինակ՝ Ռուսաստանի հետ առավել սերտ ռազմական ինտեգրացիան, չկարողացան նպաստել հայկական կողմի անվտանգությանը: Ավելի կարճ, հայկական կողմը շարունակում է մնալ խոցելի, և Ալիևը ցանկանում է օգտվել ՀՀ իշխանությունների թերացումներից»,- ասաց Լիլիթ Գևորգյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում։