«Իշխանափոխության համար պատրաստ ենք համագործակցել ցանակցած ընդդիմադիր ուժի հետ». Վարդան Օսկանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը բացառում է համագործակցությունն իշխանությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ իրենք պատրաստ են համագործակցել ընդդիմադիր դաշտում գործող յուրաքանչյուր ուժի հետ:
Անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի կողմից՝ դաշինքը լքելուն ու ցուցակների հետ կապված հնչեցրած մեղադրանքներին` Վ. Օսկանյանը նշեց, որ ինքը չի լսել՝ Վ. Դալլաքյանն ինչ է ասել. «Մեր կողմից ստեղծվել է պաշտոնական բանակցային խումբ, որոնք վարել են այդ բանակցությունները, իսկ այդ բանակցություններում Սամվել Բաբայանը որևէ դեր չի ունեցել»:
Վ. Օսկանյանի խոսքով՝ սա բանակցությունների արդյունքում ստեղծվելիք դաշինք պետք է լինի, ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի կարող պարտադրել. «Դա շատ բնական գործընթաց է` սկսում ես մեծ խմբով, հետո փոքրանում է: Մենք այսօր մեզ համար ամբողջությամբ ընդունելի դաշինք ենք ստեղծել, եռյակի ղեկավարները մեծ փորձ ունեն, դաշինքը դեռ բաց է: Եթե ընդլայնվի, ավելի լավ, եթե չէ, մենք ամբողջությամբ բավարարված ենք այս կազմով»:
Հարցին, թե հետընտրական փուլում ո՞ր ուժերի հետ կհամաձայնեք դաշինք կազմել, Վ. Օսկանյանն այսպես պատասխանեց. «Ընդդիմադիր դաշտում գործող ցանկացած ուժի հետ, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել: Եթե պետք լինի ընդհանուր շտաբ ստեղծել, այդպիսի համագործակցության էլ ենք պատրաստ: Ընտրություններից հետո պատրաստ ենք համագործակցել, կառավարություն կազմել ցանկացածի հետ, որպեսզի հնարավորություն լինի Հայաստանում իրականացնել իշխանափոխություն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: