«Դիմողը չի տեսնելու ու չի շփվելու որոշում կայացնողի հետ». Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ են եղել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են եղել Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում (ԲՍՓ), ինչ իրավիճակ է համակարգի ներսում:

«Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ են իրականացվում: Արմատական փոփոխություններ ու վերանայումներ են արվել, թե քաղաքացին ինչպես է դիմում համակարգին, ինչպես է հաշվառվում համակարգում, ինչպես է որոշումը կայացվում ու փողը փոխանցվում: Վերանայումներից հետո առաջարկություններն ու նախագծերն ուղարկվել են կառավարության աշխատակազմ, առաջիկայում հստակ որոշում կլինի՝ այդ առաջարկությունների հետ կապված, և իրավական ակտերի ձևով կամրագրվեն այդ արմատական փոփոխությունները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էր Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը, իսկ ավելի վաղ խախտումներ էին արձանագրվել մարզային սոցիալական գրասենյակներում:

Ա. Ասատրյանի խոսքով՝ ամենակարևոր փոփոխությունն այն է, որ դիմողը չի տեսնելու ու չի շփվելու որոշում կայացնողի հետ: Նա ասաց, որ Առողջապահության նախարարության հետ քննարկել են, թե ինչպես հստակեցնեն քաղաքացու օբյեկտիվ զննման կարգը, ինչպես տարանջատեն գործառույթները, պատասխանատվությունը, որ ամեն նախարարություն իր մասով իրականացնի իր գործողությունները. «Լուրջ փոփոխությունների ականատեսը կլինենք առաջիկայում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կվերանայվեն երրորդ և երկրորդ կարգ ստացածների վերաբերյալ որոշումները, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ հաշմանդամություն ունենալը և հիվանդություն ունենալը տարբեր բաներ են, և այդ մասով, նրա խոսքով՝ հայեցողական լիազորություններն ամենաշատը վերաբերում են հենց երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին:

«Այստեղ նույնպես պետք է արվեն մի շարք հստակեցումներ, ուզում եմ ընդգծել, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չէ, ավելին` հիմքում դրված է հետևյալը. եթե քաղաքացին հիվանդություն և բուժօգնության կարիք ունի, ապա կձևավորվի վերականգնողական անհատական ծրագիր, որի ներքո կիրականացվի համապատասխան ծառայության մատուցումը: Եթե քաղաքացին հաշմանդամ չէ, ապա, բնականաբար, հաշմանդամության թոշակառու չի կարող ճանաչվել»:

Տեսանյութեր

Լրահոս