«Չարաշահում ամեն տեղ էլ կարելի է տեսնել, կամ չտեսնել». Վարդան Այվազյանը` գաղտնի գնումների մասին
«Գնումները չեն գաղտնի դարձվել, արարողակարգի հետ կապված ծախսերը, որ իրականացնում են իրենց ծառայությունները, անվտանգությունից ելնելով՝ դրանք իրականացնում են փակ ընթացակարգով»,– 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` պարզաբանելով այսօր ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «Գնումների մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նրա` դա միայն վերաբերում է արարողակարգին, այսինքն` թե որտեղ է բարձրաստիճան պաշտոնյան հաց ուտելու, որտեղ է ընդունելությունը կազմակերպելու.
«Դա աշխարհքի բոլոր երկրներում ընդունված նորմ է»:
Վ. Այվազյանը նշեց, որ արարողակարգի ծախսերի չափը մնացած արարողությունների մեջ է նշվում և ներկայացվելու է ընդհանուր գնումներով, բայց զուտ միայն արարողակարգի ծախսերի չափը փակ է լինելու, մնացածը` բաց, օրինակ` ո՞ր ինքնաթիռն է օգտագործում, ե՞րբ և ինչպե՞ս:
«ՀՀ նախագահը, ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը դրանք հատուկ օրենքով պահպանված, ունեն անվտանգության հետ կապված խնդիրներ, դրա համար պետք է լինի փակ: Երկրների 80-90%-ում դա միշտ էլ փակ է լինում:
Այդ հրապարակումը փակ է լինում, երբեք բաց չի լինում, դրանք կարող են բյուջեի հաշվետվության մեջ վերջնական երևալ, բայց գնումները փակ են լինում: Երբ բյուջեի հաշվետվությունը ներկայացնեն՝ բաց է լինելու, այսինքն` ինքը բերում ներկայացնում է, թե ինչքան ծախս է արել, բայց գնում իրականացնելու, թե ինչքան բենզին ես գնում, ումից ես գնում, ինչի ես գնում, ամենահեշտ վտանգավորության հետ կապված խնդիրն է:
Օրինակ` եթե իմանան՝ ինքը ումից պետք է հաց կամ ուտելիք գնի, բացահայտ լինի, դա վտանգավոր է: Իսկ ինքը վաղը կասի` էսքան ծախս է արել բենզինի վրա, մյուս-մյուսի վրա, մեքենա է գնել, և այլն»:
Մեր հարցին, թե արդյոք դա չարաշահումների տեղ չի՞ տա, և, եթե այդ հաշվետվության ժամանակ ԱԺ-ն որոշի, որ կատարված ծախսն արդարացված չի եղել, այդ դեպքում ի՞նչ է լինելու, Վ.Այվազյանը պատասխանեց.
«Գիտեք ի՞նչ կա, չարաշահում ամեն տեղ էլ կարելի է տեսնել, կամ չտեսնել: Բնականաբար` ոչ: Եթե հաշվետվություն ես տալիս, որ այս ջուրը գնել ես և ինչքանով ես գնել, բայց գնելուց չես ասում, թե ումից ես գնում և ինչքանով, իհարկե` ոչ»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը:
«Այս ծախսերը պետք է ևս պետական գաղտնիք լինեն և ներառվեն պետական գնումների ցանկում, քանի որ միջազգային փորձը նայել են և հասկացել, որ դա անվտանգության կարևոր նորմ է: Ճիշտ է, որ այդ ամենը ներառվի ցանկում՝ բնականոն աշխատանքի ապահովման համար»,- ասել էր նախարարը: