«Ես զգացել եմ այլ ազդակ. վարչապետը պահանջկոտ է գործի որակի և գործի արդյունքների նկատմամբ». Վարդան Արամյան
«Ես, ճիշտն ասած, այդ ազդակը չզգացի: Ես զգացել եմ այլ ազդակ` վարչապետը պահանջկոտ է գործի որակի և գործի արդյունքների նկատմամբ, և դա նորմալ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պատասխանելով հարցին, թե կառավարության նիստում վարչապետի կշտամբանքը նախարարներին արդյոք նշանակո՞ւմ է, որ ընտրություններին ընդառաջ՝ կառավարության անդամների փոփոխություններ կարող են լինել:
Խոսելով իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի մասին` Վ.Արամյանը նշեց, որ ամեն ինչ չէ, որ անթերի է. «Գիտեք, կատարելության ձգտող մարդը միշտ պետք է ինքնաքննադատ լինի: Եթե ես Ձեզ ասեմ, որ թերություններ չեմ տեսնում, դա սուտ կլինի: Այո, կան թերություններ, որոնք պետք է շտկենք: Թերություններն էլ շատ դեպքերում ածանցված են կարողություններից: Եվ դա երկարաժամկետ խնդիր է, որ պետք է լուծենք: Թերություններ կան նաև, օրինակ, տեղեկատվական համակարգերի ոչ ամբողջական լինելուց: Պատճառները բազմաթիվ կարող են լինել, բայց մի բան ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ աշխատակազմը ջանքեր գործադրում է իմ կառավարման ներքո, որ ամեն ինչ փորձեն մաքսիմալ լավ անել: Դա վստահաբար եմ ասում: Կարող եք ինքներդ էլ տեսնել` Ֆինանսների նախարարությունը մինչև երեկոյան ժամը 9-10-ն աշխատում է»:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհել էր նախարարությունների կողմից առաջարկված կառավարության տարեկան միջոցառումների ծրագրերից: «Ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են, չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Հանձնարարում եմ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները»,- ասել էր վարչապետը: