Բաժիններ՝

Ե՞րբ և ո՞ր դեպքում «Ավտոբուս» ՓԲԸ-ի 95 ռեզերվային ավտոբուսներով կփոխարինվեն շարքից դուրս եկած միկրոավտոբուսները

Սույն թվականի դեկտեմբերի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բավականին խիստ գնահատեց տրանսպորտի առկա վիճակը Երևանում ու նրա այն հարցին, թե «Ավտոբուս» ՓԲԸ-ի ռեզերվում քանի ավտոբուս կա, պատասխանեցին, որ «Ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 95 ռեզերվային ավտոբուս: Հանձնարարեց, որպեսզի շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցները փոխարինվեն դրանցով:

Դեկտեմբերի 12-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ուշադրությամբ հետևեցի, թե ինչ է զեկուցվելու այդ հանձնարարականի առնչությամբ, սակայն ոչ մի խոսք չեղավ այդ մասին: Դրա փոխարեն տրանսպորտի վարչության աշխատակիցներին հանձնարարվեց մինչև տարեվերջ աշխատանքի գան ու գնան քաղաքային տրանսպորտով, բայց անհասկանալի էր, թե նրանց՝ տրանսպորտով երթևեկելու նպատակը որն է լինելու, ինչի մասին են զեկուցելու, արդյոք այս գործողության արդյունքում է որոշվելու, թե երթուղիների քանի տրանսպորտային միջոց է փոխարինվելու «Ավտոբուս» ՓԲԸ-ի ռեզերվային ավտոբուսներով:

Այս առիթով նամակով այսօր դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Խնդրում եմ պարզաբանել, թե 05.12.2016թ. աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված Ձեր հանձնարարականի արդյունքում շարքից դուրս եկած որ տրանսպորտային միջոցները պետք է փոխարինվեին «Ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներով, ինչու 12.12.2016թ. աշխատանքային խորհրդակցության ժամանակ չզեկուցվեց այդ մասին և ինչու են այդ 95 ավտոբուսները ռեզերվում մնացել, եթե քաղաքի տրանսպորտը կարիք ունի հենց ավտոբուսների:

Ե՞րբ և ո՞ր դեպքում «Ավտոբուս» ՓԲԸ-ի 95 ռեզերվային ավտոբուսներով կփոխարինվեն շարքից դուրս եկած միկրոավտոբուսները»:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս