«Ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի մրցակիցն են». Սամվել Նիկոյան

ՀՀԿ-ում ընթացող ներքին խմորումների և ՀՀԿ նախընտրական ցուցակի հնարավոր վերադասավորումների մասին զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ

– Պարոն Նիկոյան, ՀՀԿ ընտրական ցուցակի հետ կապված ինչպիսի՞ իրավիճակ է, ե՞րբ կհստակեցվի ցուցակի կառուցվածքը։

– Ինչպես բոլոր ժամանակներում և բոլոր հարցերում, այն, ինչ կոլեգիալ մարմնի որոշման և ապագայի խնդիր է, ժամանակից շուտ դրա մասին խոսելը ես միշտ գտել եմ աննպատակահարմար և ոչ արդյունավետ։ Մենք ունենք բավականին ժամանակ, որից հետո օրենքով նախատեսված ժամկետում, անշուշտ, այս հարցի մասին մենք կխոսենք, կքննարկենք և հանրությանը կտեղեկացնենք քննարկված որոշում ընդունելուց հետո։

– Բայց ՀՀԿ շարքերում արդեն «կռիվներ» են սկսվել ցուցակում տեղ զբաղեցնելու համար։ Լուրեր կան, որ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկը, որ ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` որպես երիտասարդ, գրագետ թեկնածու, հունից հանել է ՀՀԿ-ական կանանց։

– Ես կարծում եմ` որևիցե մեկը շտապելու անհրաժեշտություն չունի, և իմ փորձն է ցույց տվել, որ ցուցակների կազմման կամ նախասիրությունների հետ կապված` նախօրոք երբեք նման տեսակետներն օգտակար չեն եղել։ Իմ կարծիքով` ժամանակ կա, կգա համապատասխան ժամանակը, և կոլեգիալ մարմինն ու ՀՀԿ նախագահը կորոշեն, և հստակեցում կլինի հանրության համար։ Թե ինչպե՞ս, ապա, եթե ուշադիր լինեք, տևական ժամանակ էր, մամուլը քննարկում էր` ՀՀԿ ղեկավար մարմնում ովքեր կլինեն, ովքեր չեն լինի, տարաբնույթ տեսակետներ և առաջարկներ կային, չնայած կուսակցության ղեկավար մարմնի անդամները շատ զուսպ են եղել և երբեք անուններ չեն տվել, որպեսզի հնարավոր լիներ ինչ-որ բան կռահել։ Նույն վարքագիծը, կարծում եմ, կդրսևորենք հիմա։

– Հանրապետականի օլիգարխիկ և քրեական հեղինակությունները, որոնց մասին շատ է խոսվել, տեղ կգտնե՞ն նորից ցուցակում։

– Նախ` իմ ցանկությունն է, որ ամեն մարդ զբաղվի նրանով, ինչն իր մոտ լավ է ստացվում։ Գործարար մարդը, իսկ Աստծո կողմից շնորհք է գործարարությամբ զբաղվելը, և ոչ բոլորին է տրված այդ շնորհքը, շատ ավելի արդյունավետ կգործի այն դաշտում, որտեղ ինքը կայացած է։ Բայց բաց կամ նախկին ռեյտինգային ցուցակում կուսակցությունը յուրաքանչյուր ընտրատարածքում առաջարկելու մեծ հնարավորություն ունի, և կարող են շատ մարդիկ առաջադրվել։ Խնդիրն այստեղ փակ ցուցակն է, այն դասական համամասնական ցուցակը, որտեղ կլինեն քաղաքական դեմքերը։

Բաց ցուցակում գործող կանոնները կարող են լինել հետևյալ կերպ` յուրաքանչյուր կուսակցություն հանրությանն առաջարկում է տվյալ ընտրատարածքում մարդիկ, որոնք ներկայացնում են մեր հանրության տարբեր շերտերը։ Այնտեղ կարող են լինել գիտնականներ, մշակութային և քաղաքական գործիչներ, կամ մարդիկ, որոնք գործարար համբավ ունեն, ինչպես դուք այլ բառերով բնորոշեցիք։ Թող ժողովուրդը որոշի` իրեն ո՞րն է հոգեհարազատ, և ո՞ւմ է ուզում տեսնել այնտեղ։

– Իսկ առանց այդ հայտնի հեղինակությունների` Հանրապետականը ձայներ ապահովելու խնդիր չի՞ ունենա։

– Գիտեք, ցանկացած կուսակցություն նախընտրական շրջանում պետք է օգտագործի օրենքով հասանելի բոլոր հնարավորությունները։ Մասնավորապես, հիմա, երբ սահմանադրական փոփոխություններից հետո արդեն չկան նախագահական ընտրությունները, որտեղ «կամ-կամ» է, «50+» կամ «50-»-ը, երբ մեկին հասնում է ամեն ինչ, մյուսին` ոչինչ, չնայած ձայների տարբերությունը կարող է շատ չնչին լինել, հիմա ամբողջ քաղաքական դաշտը մտնում է պայքարի մեջ, որովհետև այստեղ գործում է «և-և»-ի սկզբունքը, այսինքն` կարող է լինել և՛ նա, և՛ մյուսը, և՛ ես։ Այսինքն` քաղաքական պայքար է գնում, և յուրաքանչյուր քաղաքական ուժ օգտագործելու է իր հնարավորությունները։ Նույնն էլ մենք ենք անելու։

– Գործադիրից պաշտոնանկ արված` Հանրապետականի ազդեցիկ անդամներից Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը և այլք ցուցակում ի՞նչ տեղ կգրավեն, ի՞նչ տեղ կհատկացվի նրանց այս ընտրություններում։

– Դուք հարցեր եք տալիս, որ վերաբերում են ցուցակին` լինի բաց թե փակ։ Բայց այս պահին ցուցակի մասին խոսելը ճիշտ չէ պարզ պատճառով, որովհետև նման քննարկում չի եղել և որոշում չի կայացվել։ Գոնե ես տեղյակ չեմ։ Ամենակարևորը, որ պետք է յուրաքանչյուր քաղաքական գործիչ խոսի այն մասին, ինչի մասին կա որոշում։

– Ընդդիմադիր դաշտում արդեն հայտնի է առաջին դաշինքը` «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան»-«Հանրապետություն» կուսակցությունների միջև, Վարդան Օսկանյանը հայտարարել է երկրորդի շուրջ քննարկումների մասին։ Հանրապետականին հակակշիռ ո՞ւմ եք տեսնում։

– Նախ` ես շատ դրական եմ գնահատում որևէ քաղաքական միավորի ստեղծումը, որովհետև ըստ էության նոր Սահմանադրությունը ենթադրում է քաղաքական ուժերի միավորման գործընթաց, և դա ըստ էության տեղի է ունենում։ Կարծում եմ` էլի հայտարարություններ կլինեն, դեռ ժամանակ կա, քննարկումների դաշտում են քաղաքական ուժերը, բայց դա նրանց խնդիրն է, և ես չէ, որ պետք է գնահատական տամ` ակտիվ են, պասիվ են, միավորվում են կամ չեն միավորվում։

Քաղաքական 70 կուսակցություններ կան, և նրանց հնարավորինս միավորումը դրական է։ Եթե նրանք միավորվում են նախընտրական դաշինքներում, ապա վաղը կարող է ինչ-ինչ կուսակցություններ կլուծարվեն, կմիավորվեն։ Ես դա կհամարեմ շատ նորմալ գործընթաց։ Իսկ մրցակից, անկեղծ ասած, ես ընտրություններից առաջ բոլորին էլ համարում եմ մրցակից։

Ընտրությունների ժամանակ վերանում են նաև «իշխանություն», «ընդդիմություն» հասկացությունները, որովհետև իշխանություն ես, եթե պառլամենտում մեծամասնություն ես, բայց ընտրության օրը պառլամենտը, կարելի է ասել, այլևս չի գործում։

– Վարչական ռեսուրսներն են մնում։

– Կառավարությունը քոնն է, որովհետև մեծամասնությանը դու ես նշանակել, բայց այդ օրը, կարելի է ասել, նաև կառավարական ֆունկցիաներն են աստիճանաբար նվազում։

– Կարելի է ասել` հավասարության օ՞ր է։

– Այո, հավասարության օր է, որովհետև ընտրություններից հետո այդ օրը դու չգիտես, թե որ ուժն է հաղթում, և ով է ձևավորելու կառավարություն։ Համաձայն եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ մինչև այդ իր ձեռքին կունենա գործիքակազմը, ես հասկանում եմ՝ դուք ինչ եք ասում, բայց ամեն դեպքում պառլամենտական ընտրությունն այդ նրբությունն ունի, և բոլորը բոլորի մրցակիցն են։ Ի՞նչ եք կարծում` մենք հիմա, օրինակ, դաշինքի մեջ ենք Հայ հեղափոխական դաշնակցության հետ, հնարավոր է, որ մենք էլ ենք մրցակցելու։

– Այսինքն` ՀՅԴ-ի հետ նախընտրական դաշինք չի՞ կազմվելու։

– Նման խնդիր չի քննարկվել, կամ գոնե ես տեղյակ չեմ։

Տեսանյութեր

Լրահոս