Facebook սոցիալական ցանց օրական այցելում է 750 հազար հայ օգտատեր
Այսօր աշխարհում դիտվում է սոցցանցերի հանդեպ հետաքրքրության անկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«2015 ավարտական տվյալներով համացանցի ներթափանցումը Հայաստանում հասել էր մոտ 70 տոկոսի, կարելի է կանխատեսել, որ այս տարի այդ ցուցանիշը կհասնի 75-77-ի: Մյուս կողմից բնակչությունը ավելի շատ է սկսել օգտվել շարժական սարքերից, մեկ տարվա ընթացքում նկատվել է բավականին լուրջ փոփոխություն»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ Հայաստանում Facebook սոցիալական ցանցն օրական ապահովում է 750 հազար այցելություն:
«Հայաստանում Facebook եւ Odnoklassniki սոցցանցերը համարյա հավասար կարգավիճակում են գտնվում օրական այցելությունների ցուցանիշով: Այնուամենայնիվ, Facebook-ի պարագայում նկատվում է դանդաղ աճ, իսկ Odnoklassniki-ի դեպքում` անկում: Facebook-ը շարունակում է մնալ գերակշռող իր 1 մլն լսարանով, ունի շուրջ 30-35 հազար օգտատեր Արցախից, որի մասով հստակ գնահատական տալը մի փոքր բարդ է:
Դանդաղ աճ է գրանցել նաեւ Թվիթեր սոցիալական ցանցը, այն հանդիսանում է ավելի շուտ հայաստանյան ակտիվ օգտատերերին սփյուռքի հետ կապելու հարթակ: Հատկապես արագ է աճում երիտա արդների շրջանում տարածված Instagram-ի ցուցանիշը` ամսական 15-20 տոկոս, այն այժմ ունի 250 հազար ակտիվ օգտատեր: Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ հոգնել են քաղաքական նեգատիվ հոսքերից, որոնք առկա են օրինակ Facebook-ում»,-եզրափակեց փորձագետը` ընդգծելով, որ ընդհանուր ցուցանշի 20 տոկոսը կազմում են մինչեւ 18 տարեկան օգտատերերը: