Լյումպենի իշխանության մետաստազները

Աստիճանաբար հնացող նոր կառավարության նշանակումից հետո հանրության որոշ մասի մոտ առաջացած էյֆորիան պայմանավորված էր նաև նրանով, որ նոր կառավարության նոր անդամներն ունեն որոշակի կրթական ցենզ, ինչով տարբերվում են որոշ նախորդներից։ «Վերջապես եկան գրագետները»,- սա ընդհանրական գնահատական է, որն արտահայտում են նոր կառավարությամբ ոգևորվածները։

Կառավարության անդամների կրթական որոշակի ցենզը, իհարկե, գոնե էսթետիկական տեսանկյունից դրական է ու հաճելի։ Բայց ուղղակի կորելացիա նախարարների կրթական ցենզի ու նրանց գործունեության արդյունավետության մեջ, թերևս, չպետք է փնտրել։ Որովհետև այդ միջին կամ միջինից գուցե բարձր ցենզով կառավարությունը ծառայում է այն իշխող կուսակցությանը, որի անդամների շարքերի անկիրթներն ընդդիմախոսներին սպառնում են բռնաբարել ու կոտրել դիմածնոտային ապարատը, իսկ իբրև թե ուսյալները հանցագործության դեմ պայքարը նույնացնում են հայհոյախոսության հետ։

Հայաստանի ամենախորքային, ամենահամակարգային ու ամենաարմատական խնդիրներից մեկը վերնախավի քաղաքակրթական, կրթական, արժեքային որակների բացակայությունն է։ Դա ոչ թե ուղղակի խնդիր է, այլ համակարգաստեղծ խնդիր, այսինքն՝ խնդիր, որն այլ խնդիրներ է ծնում։ Որովհետև վերնախավը, ուզենք թե ոչ, հանդիսանում է հանրային վարքուկանոնի թելադրողը և չափորոշիչներ սահմանողը։

Հայաստանում այդ չափորոշիչների նշաձողն անթույլատրելիորեն ցածր է։ Բարեկեցիկ ապրելու, լավ կյանք ունենալու գլխավոր չափորոշիչը համարվում է ծառայամտությունն ու ստրկամտությունը, որը մարդուց տանելով ոչ նյութական մատերիաներ՝ արժանապատվություն, պատիվ, ինքնասիրություն, նրան տալիս է նյութական բարեկեցություն ու այդ բարեկեցությունն ավելացնելու հնարավորություն։ Հավատարմություն իշխանությանը, պատրաստակամություն ամեն ինչով ու ամենայնով ծառայելու իշխանությանը։

Սա է Հայաստանում հաջողության հասնելու ամենակենսունակ բանաձևը։ Սա այն արատավոր չափորոշիչն է, որը որևէ տեղ գրված չլինելով՝ ներկայացվում է յուրաքանչյուր երիտասարդի, ինչպես ասում են, կյանք մուտք գործելիս։ Երիտասարդն այդ տեսնում ու լսում է, զգում ու համոզվում է, որ Հայաստանում լավ կյանք ունենալը հակադարձ համեմատական է մարդկային որակներին։ Որքան ցածր են որակները, այնքան բարձր է բարեկեցիկ ապրելու հնարավորությունը։

Երիտասարդը տեսնում է, որ այդ ճանապարհով լավ ապրելու համար առանձնապես մեծ ջանք պետք չէ ներդնել, կարիք չկա սովորելու, ինտելեկտ ունենալու, այլ ճիշտ հակառակը՝ ստորաքարշությամբ փաթեթավորված բռիությունն ապահովում է հեշտ ճանապարհ՝ նյութական բարեկեցության հասնելու համար։

Վերնախավի դեգրադացիան վտանգավոր է նաև այն իմաստով, որ այն վերացնում է հասարակության մեջ որպես անհրաժեշտություն գոյություն ունեցող արգելքները, չգրված նորմերը՝ վատը, ստորությունը, դավաճանությունը մերժող նորմերը։

Հասարակությունը տեսնում է, որ Հայաստանում հաջողության հասնելու համար գործում է «որքան վատ, այնքան լավ» բանաձևը, և գուցե անգամ չուզենալով, իր երեխաներին դաստիարակում է վատ մարդ դառնալու ցածր նպատակադրմամբ՝ լավ կյանք ապահովելու բարձր մղումով։

Այս պայմաններում կառավարության կամ իշխանության որևէ թևի ներկայացուցիչների նորմնալ փոփոխությունն ընդամենը կոսմետիկ փոփոխություն է, որովհետև ուսյալ պաշտոնյաները եկել են ծառայելու թերուսների իշխանությանը, եկել են ծառայելու այնպես, որպեսզի տգիտությունը ոչ միայն արմատախիլ չարվի, այլ նաև վերարտադրվի ու ավելի խորանա։ Հնարավոր է՝ տգետ հայրերին փոխարինելու գան կրթված զավակները, բայց դա կրկին լինելու է կոսմետիկա, ավելի խորացնելով արատի բովանդակությունը։

Այն, ինչին պայմանականորեն կոչում են ազնվականություն, Հայաստանում անդառնալիորեն վերացել է, վերացել է այն աստիճանի, որ ազնվականության տեղը զբաղեցրել են ամենաանազնիվները։ Ազնվականության տեղը զբաղեցրել է լյումպենը՝ նպաստելով լյումպենի ավելի լայն խավի զարգացմանն ու բարգավաճմանը։

Հասարակությունը, սակայն, հանդուրժում է այս իրավիճակը։ Հանդուրժում է՝ ամեն կերպ ցանկանալով խցկվել տգետ ու բռի վերնախավի շարքերը։ Իշխանությունն այդպիսով ոչ միայն հակահասարակական չէ ու հակաժողովրդական չէ, այլ շատ հասարակական ու նույնքան ժողովրդական է։ Իշխանությունը հասարակության մեծամասնության երազների մարմնավորումն է՝ ցանկացած ճանապարհով լավ ապրելու իդիլիայի խորհրդանիշը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս