«Լավ անողների» «լավ անելը» չի պակասի, քանի դեռ «լավ անելը» կառավարման փիլիսոփայություն է. «Բարև Երևան»
Հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը հարց բարձրացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցապատման մի թույլտվություն տալու հիմքերի՝ իրականությանը չհամապատասխանելու կապակցությամբ: Բարձրացված հարցը վերաբերում էր ոչ թե կառուցապատողի արժանի լինել-չլինելուն, այլ նրան, որ թույլտվության մեջ տարածքի մասին նշվել էր, թե այն «հարթ և անբարեկարգ է», մինչդեռ իրականում այն «թեք, բարեկարգ, կանաչապատ գազոնի մի մասն է»:
Հարցում առկա մտահոգությունը վերաբերում էր նրան, թե քաղաքապետն ինչ է պատրաստվում անել նման՝ իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներով թույլտվությունները ապագայում բացառելու համար:
Ցավալիորեն Երևանի քաղաքապետի արձագանքը դուրս էր էթիկայի ու անգամ քաղաքական բանավեճի մշակույթի տիրույթներից և հիմնական ասելիքը ամփոփվեց «Լավ ենք անում ու էլի ենք լավ անելու» բանաձևում: «Բարև Երևան» խմբակցությունը նախընտրեց կրքերը չշիկացնել նիստում՝ քաղաքապետին հնարավորություն տալով գիտակցել իր պատասխանի անթույլատրելիությունը ոչ միայն քաղաքական բանավեճում, այլ նաև ընդհանրապես, որպես մտածողություն՝ կառավարում իրականացնելիս:
Հոկտեմբերի 27-ին ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը պայթեցին Երևանում Տպագրիչների փողոցում 1920-ականներին կառուցված տպարանի շենքի պայթեցման լուրից ու տեսանյութից: Հանրության համար անհայտ է ոչ միայն այդ շենքի ապամոնտաժման հիմնավորվածությունը, այլև դրա իրականացման՝ պայթեցման օրինականությունը հանրության ու շրջակա տարածքի բնակիչների կյանքի ու անդորրի վտանգման եղանակով:
Դժբախտաբար, ՀՀ մշակույթի նորանշանակ նախարարը կատարվածում իր գերատեսչության «պատասխանատվության բացակայությունը» հիմանվորել է սեփականատիրոջ որոշումով, շենքի՝ պատմամշակութային արժեքների ցանկում ընդգրկված չլինելով և այլ փաստարկներով:
Այս երկու դրվագները լավագույնս ցույց են տալիս, որ ոչ միայն Հայաստանի կառավարման համակարգում, այլև ընդհանուր առմամբ հասարակության մեջ արմատացել է «Լավ եմ անում, անում եմ, էլի եմ լավ անելու» փիլիսոփայությունը: Եւ դա նորանոր ավերներ է բերելու, քանի դեռ չի գիտակցվել այդ մտածողության արատավորությունը, որ «լավ անելը» պետք է նույնանա «օրինական ու հանուն հանրային շահի անելու» հետ:
Ակնկալում ենք Երևանի քաղաքապատերանի ու քաղաքապետի բացատրությունը և դատապարտումը Տպագրիչների փողոցում կատարված բարբարոսության կապակցությամբ, և հորդորում մտածել ավագանու նիստում բարձրացված հարցադրման վերաբերյալ, հատկապես, երբ քաղաքապետն է թիվ մեկ շահառուն նրա, որպեսզի «այլևս ոչ մեկը այսպես լավ չանի»:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն