Ինչ արդյունքներով ավարտվեց ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան

Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի այցը տարածաշրջան` Բաքու, Ստեփանակերտ և Երևան։ Իրենց այցի արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով. «Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը, և նշել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացման կարևորությունը։ Համանախագահները նաև քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները` հասնելու առարկայական բանակցությունների` հանուն տևական խաղաղության։ Նախագահներից յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետները, թե ինչպես առաջ տանել կարգավորման գործընթացը։

Նախագահները նաև վերահաստատել են համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ, և օպերատիվ մանրամասները դեռ շարունակում են քննարկվել»։ Երևանում և Բաքվում ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպեց լրագրողներին` պատասխանելով նրանց հուզող հարցերին։ Մեկնաբանելով իր Բաքվի ասուլիսի` ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ների լուսաբանումները, որոնցում շեշտը դրվել էր «օկուպացված տարածքների վերադարձ» ձևակերպման վրա, Ջեյմս Ուորլիքն ասաց, որ այսօր բանակցային գործընթացում խոսք է գնում համապարփակ լուծման մասին։

Ըստ նրա, դա կարգավորման բոլոր այն տարրերն են, որոնք պետք է լինեն սեղանին և պետք է քննարկվեն։ «Չենք կարող մեկ տարր առանձնացնել և առանձին դիտարկել, եթե շրջակա տարածքների վերադարձի հարց կա, ապա ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկում ևս պետք է լինի։ Մենք պետք է խոսենք փախստականների, ներքին տեղահանվածների, միջազգային խաղաղապահ ուժերի մանդատի մասին, սրանք բոլորն այն տարրերն են, որոնք համապարփակ լուծման բաղադրիչներն են, կողմերից ոչ մեկը չի կարող ընտրել իրեն նպաստավոր տարրը, սա փաթեթ է։ Հակամարտությունը չի կարող լուծվել, եթե բոլոր խնդիրները չեն լուծվում»,- ընդգծեց ամերիկացի համանախագահ Ուորլիքը։

Հարցին, թե ի՞նչ փուլում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը, երբ տպավորություն կա, թե Ադրբեջանի նախագահը համաձայնություններ է տվել, բայց անում է ամեն բան` դրանք տապալելու և պատերազմ չսկսելը` որպես զիջում ներկայացնելու, համանախագահների հետ այդ դիրքերից երկխոսելու համար, Ջեյմս Ուորլիքը պատասխանեց, որ գոհունակությամբ կարող է նշել, որ ապրիլյան դժվարին օրերից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հնարավոր դարձավ հրադադարի նկատմամբ հարգանքը վերականգնել։

«Մեկ զոհն անգամ շատ է, բայց ԵԱՀԿ առաքելության ղեկավար Կասպրչիկի հաղորդումների համաձայն` բռնությունների մակարդակը վերջին ամիսների ընթացքում նվազել է, իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, սա նախագահների միջև կայացած հանդիպումների արդյունքն է։ Այդ հանդիպումների կոնկրետ արդյունքը դեսպան Կասպրչիկի առաքելության ընդլայնումն է։ Նախագահները համաձայնել են դրան Վիեննայում, ապա առաքելության ընդլայնման մասին հանձնառությունը վերահաստատել են Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ։ Իդեալական տարբերակում այդ համաձայնությունները կյանքի կոչված պետք է լինեին, բայց հստակեցումը ժամանակ է պահանջում։ Վստահ եմ, որ կհասնենք նաև այդ հանգրվանին։ Ներկայումս խոսում ենք այդ մանրամասների մասին, կողմերից ոչ մեկը մյուսին չպետք է մեղադրի, կգա այդ պահը, և դեսպան Կասպրչիկի առաքելության ընդլայնումը կարևոր քայլ կլինի` կատարված ճիշտ ուղղությամբ»,- մանրամասնեց Ուորլիքը։

Նրա խոսքով, տարածաշրջանային այս այցի շրջանակում հստակեցումներ են ընթանում ընդլայնվող առաքելության բյուջեի, հավելյալ դիտորդներ վարձելու և այլ դետալային հարցերի շուրջ։ «Հետաքննությունների մեխանիզմների հարցը կրկին սեղանին է։ Համանախագահներս աջակցում ենք այդ հարցին, պլան է դիտարկվում, դա կրկին այնպիսի հարց է, որ մեր այցի նպատակներից է»,- ասաց համանախագահը։

Անդրադառնալով այն հնարավոր լծակներին, որոնք ունեն համանախագահները հակամարտող երկրների նկատմամբ, Ջեյմս Ուորլիքն ասաց, որ համանախագահների աշխատանքը միջնորդությունն է։ «Մենք աջակցում ենք նախագահների միջև քննարկումներին, որոնք կհանգեցնեն կարգավորման։

Նախագահները պետք է միմյանց հետ աշխատեն, ակնկալում ենք, որ կողմերը կատարեն իրենց հանձնառությունները։ Մենք գալիս ենք տարածաշրջան, կանոնավոր պարբերական հանդիպումներ ենք ունենում, մենք միջնորդական աշխատանք ենք կատարում, անում ենք այն, ինչ կարող ենք։ Չենք կարող դա միայն մենք անել, բարի քաղաքական կամք է պահանջվում նախագահների կողմից, միայն միջնորդների ջանքերով չի կարող արդյունք լինել»,- ամփոփեց Ջեյմս Ուորլիքը։ Նրա խոսքով, Ալիև-Սարգսյան հանդիպման հստակ ամսաթվեր հայտնի չեն։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը փորձեց գնահատել այս այցի արդյունքները և բանակցային գործընթացում ապրիլյան պատերազմից հետո հակամարտող երկրների միջև առաջացած խորը տարաձայնությունները։ Նա բնական գնահատեց այն, որ այցը հասարակության և փորձագիտական հանրության համար չնչին արդյունքներով է ավարտվում, քանի որ ակնկալելի էր, որ պատերազմական գործողություններից հետո հակամարտող երկրները պետք է կոշտացնեին իրենց դիրքորոշումները` ստանձնելով բանակցություններում թելադրող կողմի կարգավիճակ։ Ինչպես, ըստ նրա, բոլոր հայտարարություններն են ցույց տալիս, որ որևէ կողմ այդ առավելությունն այսօր չունի։ Ավելին, նրա կարծիքով, բանակցային գործընթացում ապրիլյան պատերազմից հետո համարյա թե ոչինչ չի փոխվել, պարզապես համանախագահներն ավելի մեծ կարևորություն են սկսել տալ անվտանգության ամրապնդմանը շփման գծում։

Fyodr Lukyanov746569 (9)

«Բանակցային գործընթացում, կողմերը ցանկանան դա թե ոչ, կարգավորման նույն տարրերն են, նույն բաղադրիչները, որոնց մասին Երևանում խոսեց Ջեյմս Ուորլիքը։ Բոլոր հարցերը դեռ քննարկման փուլում են։ Ուորլիքի պատասխանը ճնշման լծակների վերաբերյալ թույլ է տալիս ենթադրել, որ նրանց ազդեցությունն այսօր կողմերի նկատմամբ բավականին ցածր է։ Իհարկե, միջնորդները չեն կարող պատժամիջոցներ կիրառել, բայց կարող են ազդել, որի համար նրանք ընդգրկվել են Մինսկի խմբում։

Նրանք կարող են պարտավորեցնել իրագործել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք, ըստ էության, վերաբերում են շփման գծում անվտանգությանն ուղղված միջոցառումներին։ Այս ամենին գումարվում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առաջացած խորն անվստահությունը Սիրիայում և Ուկրաինայում, որտեղ իրավիճակը նույնիսկ պայթյունավտանգ է։ Սակայն, դատելով ԱՄՆ-ում ավարտվող ընտրապայքարից, կարելի է ասել, որ ավելի լուրջ լարվածություն ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում չի լինի, այսինքն` այն հակամարտություններում, որտեղ դեմ դիմաց են կանգնած Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, լարվածության նոր ալիք չի լինի։

Սակայն իրավիճակն այլ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում, որտեղ իրերի դրությունն այդքան էլ պարզ չէ, այստեղ խոսքը միայն ԱՄՆ-ը ու Ռուսաստանը, Թուրքիան չեն, այստեղ կա Հայաստան-Ադրբեջան լուրջ դիմակայություն, որն ընթանում է իր իսկ տրամաբանությամբ և հաճախ պարզապես ազդված է միջազգային զարգացումներից։ Այսօր Ղարաբաղում ստեղծված իրավիճակը դա է ցույց տալիս»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը։ Վերջինիս կարծիքով` Ռուսաստանին ձեռնտու չէ ստատուս-քվոյի փոփոխություն Հարավային Կովկասում, քանի դեռ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները հարթված չեն, և քանի դեռ Վրաստանը շարժվում է եվրաատլանտյան ուղղությամբ։ «Սակայն Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի պատերազմ չվերսկսվի։ Եթե կողմերը հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք ունեն, բնականաբար, Մոսկվան չի կարող դրան խոչընդոտել»,- ընդգծեց Լուկիանովը։

Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում նշեց, որ վաղուց է պնդում, որ ՄԽ նման միջնորդությունն այլևս անընդունելի է։ «Այս մասին ես խոսում էի նույնիսկ ապրիլյան պատերազմից առաջ, քանի որ կանխատեսում էի նման հնարավորություն։ Այսօր` ևս, քանի որ բանակցություններում ոչինչ չի փոխվել, կողմերը չեն հանդիպում, երբ չեն ցանկանում, և հանդիպում են, երբ ցանկանում են և, երբ չկա փոխզիջումների գնալու հարց բանակցություններում։

1382649280_skakov_1

Հենց այդ պատճառով ընդհատվեցին բանակցությունները նախագահական երկու հանդիպումներից հետո, քանի որ եկել էր համաձայնությունները կատարելու, ինչ-որ տեղ զիջելու ժամանակը։ Այս ամենը ցույց է տալիս, որ համանախագահությունը նոր մոտեցումներ ու գաղափարներ պետք է կիրառի»,- ասաց Սկակովը։ Նրա համոզմամբ` փափուկ դիվանագիտական տոնայնություններն այս հարցում անարդյունավետ են։

Տեսանյութեր

Լրահոս